Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որի մեջ դրված էր անուշահոտ օճառը։ Արծաթյա ջրածիկը աղին լայն բաց արած սիրամարգի ձև ուներ։ Պատանին բռնել էր թևքերից և մաքուր ջուրը հոսում էր գեղեցիկ թռչունի կտուցից։ Սիրամարգը Մամիկոնյանների սիրած թռչունն էր. այդ հիշատակը նրանք բերել էին իրանց նախկին հայրենիքից — Չինաստանից։

Երբ իշխանը լվացվեցավ, պատանին ջրածիկը և լագանը մի կողմ դրեց, հետո մաքուր անձեռոցիկով, որ պատրաստ ուներ ուսի վրա, սկսեց սրբել յուր տիրոջ երեսը, պարանոցը և ձեռքերը։ Եվ ապա վեր առեց փղոսկրյա սանդրը, սկսեց գլուխը սանդրել։ Գլխի բոլորտիքը սափրած էր, միայն գագաթի վրա ճոխ երկարությամբ աճել էին սև գիսակները։ Գագաթի բոլորովին մեջտեղում, մի դրամի մեծությամբ, նույնպես ածիլած էր։ Գիսակները սանդրելուց հետո, պատանին պատրաստվում էր օծել անուշահոտություններով։

— Հարկավոր չէ,— ասաց իշխանը։

Պատանին զարմացավ։ Այդ առաջին անգամն էր, որ յուր տիրոջ մազերը սանդրելուց հետո, նա պետք է թողներ առանց օծելու։

«Ես պետք է թաքցնեմ իմ տխրությունը...»— մտածեց իշխանը և թույլ տվեց սպասավորին, որ շարունակե սովորական պչրանքը։

Գլուխը օծելուց հետո, նա գիսակները հաստ հանգույցներով հավաքեց գագաթի շուրջը, իսկ նրանց ծայրերը արձակ գանգուրներով բաց թողեց ականջների ու պարանոցի վրա։ Հետո սկսեց կապել գլխի զարդերը։ Դրանք բաղկացած էին մի խույրից, որ բանված էր գեղեցիկ անկվածներով, և գույնզգույն մետաքսյա ապարոշից, որ կապեց խույրի վրա։ Ապարոշի առջևի կողմում, ուղիղ ճակատի վրա, կապեց արծաթյա մահիկը, որ կիսալուսնի ձև ուներ և քանդակված էր զանազան խորհրդավոր նշանագրերով։ Երկու բարակ շղթաներ ամրացված էին մահիկի երկու եղջյուրներից, և նրանց ծայրերը, ապարոշի բոլորտիքով անցնելով դեպի ծոծրակը, այնտեղ փակվում էին արծաթյա ճարմանդներով։ Ճարմանդների յուրաքանչյուրի վրա փայլում էր մի խոշոր ակն։ Մնում էին աչքերը, որ պետք էր սուրմայել ծարիրի սև փոշիով։ Պատանին դուրս հանեց յուր ծոցից մի մաշկեղեն փոքրիկ պարկ, որ լցված էր սուրմայով։ Հետո վեր առեց ոսկյա դեղդիրը, որ բարակ ձողի ձև ուներ, նախ մոտեցրեց յուր շրթունքներին, բերանի գոլորշիով փոքր-ինչ խոնավություն շնչեց նրա վրա, և ապա թաթախեց պարկի մեջ։ Դեղդիրը ընդունեց յուր վրա պարկի միջի սև փոշիից նույն չափով, որչափ խոնավություն ուներ։ Սկսեց նրանով սուրմայել