Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղան անսպասելի ձայնը։ Ուրուկը ավելի մոտեցավ։ Նրանք տեսան խոսող գունդը։

— Ի՞նչ եղավ այն մարդը,—հարցրին նրանից։

— Այսպես, գետի ընթացքով գնաց դեպի ցած։ Թո՛ղ աստված նրա գործին հաջողություն տա,—ավելացրեց նա,— թե իմ սոված փորը կերակրեց, և թե՛ մերկ մարմինս զգեստավորեց։

Երկու մարդիկը գետի ընթացքով սկսեցին ցած իջնել, միմյանց ասելով.

— Լավ ժամանակ հասանք...

— Բայց որտե՞ղ գտնել սպարապետին..․

Պատասխանը չուշացավ.

— Դո՞ւք եք,- լսելի եղավ սպարապետի ձայնը, որ դեռ կանգած էր գետեզերքում։

— Այո՛, տեր,—ասացին նրանք մոտենալով։

Սպարապետը ուրիշ ոչ ոք չէր, եթե ոչ Մուշեղ Մամիկոնյանը։

— Պատմեցե՛ք, ի՞նչ տեսաք,—դարձավ նա դեպի եկվորները։

Նրանք սկսեցին պատմել։ Սպարապետը խորին ուշադրությամբ լսում էր։ Նա չհամբերեց՝ մինչև վերջացնեին, սկսեց ինքը զանազան հարցեր առաջարկել.

— Դու ինձ այն ասա՛, քաղաքի ո՞ր կողմումն է բանակը։

— Քաղաքի արևելյան կողմում, կարմիր լեռան ստորոտից փոքր-ինչ ցած։

— Բանակի ո՞ր կողմումն են զետեղված արքայական վրանները։

— Դեպի վերևի կողմը, այսինքն՝ դեպի լեռան ստորոտը, մի բարձրության վրա։

— Իսկ արքայական կանանո՞ցը։

— Դեպի արքայական վրանների աջակողմը։

— Ինչպե՞ս է դասավորված բանակը։

— Ինչպես միշտ՝ պայտի ձևով, որի ծայրերը հասնում են մինչև արքայական վրանները։

— Որտե՞ղ են պահվում հեծելազորի ձիաները։

— Տարել են ավելի քան տասն փարսախ հեռավորության վրա արածացնելու։

— Ե՞րբ դիտավորություն ունեն չվելու։

— Երեք օրից հետո: