Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի այլ հարցեր ևս առաջարկելուց հետո և բոլորի մասին մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո սպարապետը դարձավ նրանց, ասելով.

— Գնացեք հանգստացեք։

Նրանք հեռացան։ Հարցուփորձը Շապուհի բանակի մասին էր։ Այդ երկու մարդիկը ծպտյալ կերպով ուղարկված էին լրտեսելու նրա բանակը։

Սպարապետը մնաց միայնակ և սկսեց դարձյալ անհանգիստ կերպով դեգերել գետի ափերի մոտ։ Նա այժմ գիտեր թշնամու բանակի դիրքը, գիտեր նրա ամենամանրամասն դրությունը, և այդ տեղեկությունները բավական էին նրան, որ նրանց հիման վրա՝ կազմեր յուր վերին աստիճանի վստահ ձեռնարկության ծրագիրը։ Նա դիտավորություն ուներ այս գիշեր հարձակվելու Շապուհի բանակի վրա։ Եվ նրա դիտավորությունը որքան երկյուղալի էր, այնքան և վճռական էր։

Արտագերսի պարիսպների մոտից՝ Շապուհի կորագլուխ կերպով հեռանալուց հետո, սպարապետը բավական չհամարեց պարսից արքայից արքայի այդ ամոթալի պարտությունը, և վճռեց՝ թույլ չտալ նորան՝ ողջանդամ դուրս գալ հայոց սահմաններից։ Նրա կատարած չարագործությունները ա՛յն աստիճան զգալի էին, նրա գործ դրած միջոցները ա՛յն աստիճան վիրավորական էին, որ պետք էր պատժել այդ գազանին։ Նա ավերակ դարձրեց յուր անցած երկրները, նա կոտորել տվեց յուր ձեռքն ընկած գերիները,— այդ դեռևս կարելի էր տանել, Հայոց աշխարհը սովոր էր այդ տեսակ հարվածների։ Բայց նա Զարեհավանի ավերակների մոտ՝ ազատանի կանանց վերաբերությամբ գործ դրած տմարդի վարմունքով՝ վիրավորեց հայոց ազնվականների պատիվը։ — Այդ անկարելի էր տանել, մանավանդ այն խոսքերից հետո, որ Արտագերսի տոնախմբության օրը հայոց թագուհին արտասանեց յուր ճառի մեջ. «Մեզ համար չէ՛ հանգստությունը, քանի դեռ կմնա ա՛յն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև...»։ Մի խումբ ազատանի երիտասարդներ, որ ներկա էին հանդեսին, հենց այն րոպեում վճռեցին վրեժխնդիր լինել։ Այդ էր պատճառը, որ սպարապետի հրոսակների մեծ մասը բաղկացած էր հայոց նախարարների որդիներից, որոնք ուխտել էին վերականգնել վիրավորված պատիվը։

Սպարապետը անցավ նրանց գլուխը, առեց յուր հետ մի քանի