Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցպարապետի թիկնապահներից մեկը ներս չմտներ և զեկուցում չտար, թե դահճապետին բերել են։ Երբ կանգնացրին նրան վրանի հանդեպ, սպարապետը հարցրեց.

— Դո՞ւ ես պարսից արքայից արքայի դահճապետը։

— Այո՛, նվաստս է, տեր իմ,— պատասխանեց նա, խորին կերպով գլուխ տալով։

— Քեզ համար գործ բացվեցավ,—ասաց նրան սպարապետը Ժպտալով, որ արտահայտում էր ավելի մաղձ և դառնություն, քան թե հեգնություն։ — Դու, անտարակույս, կձանձրանայիր, եթե մի օր առանց մարդիկ մորթելու մնայիր։ Իսկ ես այսօր կտամ քեզ, բավական մեծ պաշար։ Դու միայն այն ասա՛, քանի՞ օգնականներ ունես քո ձեռքի տակ։

— Օգնականներս սակավ չեն, սպարապետ տե՛ր, դու միայն ինձ գործ տուր, գո՛րծ, ես ծույլ չեմ իմ պաշտոնի մեջ,— ասաց նա դիվական ծիծաղով, և ապա ավելացրեց.— Արքայից արքան միշտ գոհ էր իմ ծառայություններով, և տարի չէր անցնի, որ ինձ մի քանի գյուղեր և ագարակներ չպարգևեր։ Հույս ունեմ, որ հայոց մեծափառ սպարապետը նույնպես առանց վարձատրության չի թողնի յուր ծառային։ — Վերջին խոսքերի միջոցին՝ նրա գազանային աչքերում դարձյալ երևաց դիվական ծիծաղը։

— Դու ինձանից առատ վարձատրություն կստանաս և արքայից արքայի շնորհած պարգևները կմոռանաս։ Լսի՛ր, դահճապետ։ Մենք երկար մնալու չենք այստեղ. մի քանի օրից հետո չվելու ենք այստեղից, և մեզ հետ պետք է տանենք մեր ձերբակալած գերիներին։ Եվ որպեսզի այդ բազմությունը մեզ համար չափազանց ծանրություն չլինի, դու պետք է փոքր-ինչ թեթևացնես մեր բեռը։

Դահճապետը շանթահարի նման ամբողջ մարմնով դողաց։

— Սյդ քո մարդիկն էլ կարող են անել, սպարապետ տե՛ր,—ասաց նա րոպեական շփոթությունից հետո։ — Իսկ ե՛ս, քա՜վ լիցի, իմ ձեռքերը չեմ թաթախի իմ ազգայինների արյան մեջ։

— Իրավ է, այդ իմ մարզիկն էլ կարող էին անել, եթե միայն մորթել պետք լիներ։ Բայց ա՛յդ չէ իմ ցանկացածը։ Իմ մարդիկը սաստիկ անվարժ են կենդանի մարդկանց մորթազերծ անելու և նրանց պաճուճապատանը խոտով լցնելու արհեստում։ Իսկ դո՛ւ, Շապուհի ծառայության մեջ, կատարյալ վարպետ ես դարձել այդ գործում։ Եվ ինձ այդ է հարկավոր։ Չէ՞ որ կենդանի մարդիկ յուր