Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսակցությունը դահճապետի հետ, որը վերջանալուց հետո, դարձավ նա դեպի շրջապատողները, ասելով.

—Ես այդ բարբարոսությունը ամենայն հաճությամբ կատարել կտամ, ես այդ վեց հարյուր պարսիկ ազնվականներին մորթել կտամ, և նրանց պաճուճապատանները կտանեմ, կնվիրեմ հայոց տիկնոջը, թող նրանցով զարդարե յուր ամրոցի աշտարակների բարձրությունները։ Այո՛, ես այդ կանեմ, և դրանով գուցե կգոհացնեմ իմ հոր անմահ հոգին, ա՛յն հոր, որի կյանքը հազարավոր ազնվականների արժեր, ա՛յն հոր, որին Շապուհը այնպես տմարդի կերպով մորթազերծ անել տալով, կանգնացրեց Անուշ բերդի նկուղներից մեկի մեջ, յուր աքսորյալ թագավորի աչքերի առջև։ Վրեժխնդրության սուրբ պարտականությունը թույլ է տալիս ինձ անել այդ։ «Խոտորնակին՝ խոտորնակ»,— այսպես ավանդեցին մեր հայրերը։ Իսկ ա՛յն, որ դուք եք պահանջում, ես երբեք ընդունել չեմ կարող...

—Ինչո՞ւ, Մուշե՛ղ,— հարցրեց Սահակ Պարթևը զայրացած ձայնով,— ինչո՞ւ չես կարող ընդունել։ Եթե դու հիմնվում ես վրեժխնդրության վրա, որպես մի սուրբ պարտականության վրա, մի մոռանար, որ այդ դեպքում ևս կատարվում է նույն սուրբ պարտականությունը. դարձյալ «խոտորնակին՝ խոտորնակ...»։

—Այդ դեպքում, Սահակ, կատարվում է մի աններելի անազնվություն միայն։ Իսկ մեզ վայել չէ այդ աստիճան ստորանալ։ Մենք պետք է ապացուցանենք, որ շատ բարձր ենք պարսիկներից։

—Մենք պետք է ապացուցանենք և ա՛յն, թե գիտենք անազնվությունը ըստ կարգին պատմել։ Ինչո՞ւ ես դու այսպես մոռացկոտ դարձել, Մուշեղ։ Դեռ շատ ժամանակ չէ անցել այն աղեղավոր օրից, երբ Շապուհը Զարեհավանի ավերակների մոտ՝ հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին մերկանդամ կանգնացրեց յուր բանակի առջև։ Եվ այդ բավական չհամարեց. շատերին սայլացիցերի վրա բարձրացրեց, շատերին գերի վարեց։ Երբ անզգամ Շապուհը իրան թույլ տվեց այդպես վարվել, այլևս ինչո՞ւ մենք պետք է խնայենք նրան։

—Ինչ որ կարող է իրան թույլ տալ պարսիկ Շապուհը, նույնը չէ կարող իրան թույլ տալ քրիստոնյա Մամիկոնյանը։ Ես մոռացկոտ չեմ, Սահակ, ես գիտեմ և հիշում եմ նրա վարմունքների բոլոր վայրագությունը։ Բայց դու ես մոռանում քեզ, ամենևին ինկատի չառնելով, որ մեր վիճաբանության առարկան կին է։ Շապուհի եղեռնագործությունների վրեժը մենք պետք է առնենք նրա