Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեց յուր ամուսնի եղբոր որդի Տիրիթին, անտարակույս, չի խնայի և Շապուհի կանանցը։ Ես, իհարկե, պետք է ընդդիմանամ դրան, և դրանից կծագի մի մեծ հակառակություն իմ և նրա մեջ, որ շատ նպաստավոր չի լինի մեր գործերի այժմյան խառն դրության մեջ։ Նա իրավունք կհամարի կոտորել տալ Շապուհի բոլոր կանանցը, որովհետև Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ սպանել տվեց նրա մորը։ Ուրեմն, թե՛ ազնվությունը և թե՛ խոհեմությունը պահանջում է, որ մենք այդ կանանցը ուղարկենք պարսից արքունիքը։ Իսկ ես առանց ոչ ոքին լսելու պետք է անեմ այդ։ Եվ եթե մեզ հարկավոր է պատանդ, այդ պատանդը կպահենք մեր ձեռքում։ Շապուհի կանանոցում գտնվում է և Շապուհի քույրը՝ Որմիզդուխտ օրիորդը— Մերուժանի գեղեցիկ նշանածը։ Մենք կպահենք այդ օրիորդին, և այդ բավական է։ Դու գիտե՞ս, Սահակ, որ մեր պատերազմների սկզբնապատճառը միայն այդ նազելի օրիորդն է եղել։ Նրա գեղեցկությունը խելքից հանեց Մերուժանին, և նրան մոլորության մեջ դրեց։ Մերուժանը վատ մարդ չէր. նա յուր սիրահարության զոհը դարձավ։ Իսկ Շապուհը, օգուտ քաղելով այդ սիրահարությունից, խոստացավ տալ նրան Որմիզդուխտին, և դրանով հաջողացրեց Մերուժանին մի պատուհաս դարձնել Հայոց աշխարհի համար։ Այժմ պահելով մեր ձեռքում Մերուժանի սիրած օրիորդին, միևնույն ժամանակ, մենք Մերուժանի թե սանձը և թե՛ սիրտը մեր ձեռքում կունենանք, իսկ Շապուհը, առանց Մերուժանի գործակցության, ոչինչ անել չէ կարող։

Այսպես ջերմ կերպով վիճում էին երկու մեծ տոհմերի երկու հզոր ներկայացուցիչները՝ հայոց սպարապետի որդին և հայոց քահանայապետի որդին։ Բայց վերջինը այլևս ոչինչ չխոսեց, դժգոհությամբ վերկացավ և դուրս եկավ սպարապետի վրանից։ Նրա հետ դուրս եկան Մեսրոպ տարոնեցին և մի քանի այլ իշխանազն երիտասարդներ։ Մեծամիտ Պարթևի արհամարհանքը ավելի վրդովեցրեց Մամիկոնյան իշխանին։ Նա դարձավ դեպի յուր սենեկապաններից մեկը, հրամայելով.

— Գնա՛, արքայական կանանոցի ներքինապետի միջոցով իմացում տուր արյաց դշխոյին, որ ես խնդրում եմ այցելել նրան։

Նա վերկացավ, նրան շրջապատող բոլոր սեպուհները նույնպես ոտքի ելան։ Սկսեց դիմել դեպի Շապուհի կանանոցը, յուր հետ առնելով միայն յուր թիկնապահներին։ Շապուհի հարուստ կանանոցը բաղկացած էր առանձին—առանձին վրաններից, որոնց յուրաքանչյուրի մեջ զետեղված էր