Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա կանանցից մեկը՝ յուր բազմաթիվ աղախիններով և նաժիշտներով։ Ներքինիների մի ստվար բազմություն հսկում էր գեղեցկության և փափկության այդ անմատչելի թանգարանի վրա, որ այժմ գերության մեջ էր ընկած։

Տխուր և արտասվալի աչքերով նստած էր յուր վրանում արյանց տիկնանց—տիկինը, և յուր ոսկու ու գոհարների մեջ՝ պատկերանում Էր որպես մի հուսահատ թախծություն։ Նրա փառավոր վրանը հաշտության մի դրախտ էր, որ հորինել էր նրա համար պարսկական պճնասիրությունը։ Երբ ներքինապետը ներկայացավ, հայտնեց նրան, թե հայոց սպարապետը կամենում է այցելել, այդ միջոցին նրա գեղեցիկ դեմքը բոլորովին գունաթափվեցավ, և շփոթությունից չգիտեր՝ ինչ պատասխանել։ Բարկությունը և երկյուղը փոփոխակի կերպով սկսեցին վրդովեցնել նրան։ Բարկանում էր, որովհետև մի հայ զորավար համարձակվել էր նրան մի այսպիսի լուր տալ։ Վախենում էր, որովհետև ինքը նրա գերին էր... Բայց, միևնույն ժամանակ, նրան զարմացնում էր այն միտքը, թե, որպես գերի, սպարապետը կարող էր նրան քարշ տալ յուր մոտ, իսկ այդ ի՞նչ բարեհոգություն էր, որ սպարապետը յուր ոտքովն էր գալիս նրա մոտ։ Երկար մտատանջությունից հետո, ասաց նա ներքինապետին․

-Թող գա...

Հետո ավելացրեց.

-Խստությամբ կպատվիրես բոլոր ներքինիներին, որ ոչ մի անկարգություն չպատահի...

Եվ իրավ, սպարապետի կողմից սաստիկ անհոգություն էր, որ այնպես անփույթ կերպով, միայնակ, մի խումբ թիկնապահների հետ, պիտի մտներ պարսից արքայից արքայի կանանոցը, ուր ոչ մի օտար արարած մինչև այն օր ոտք չէր դրել։ Բոլոր ներքինիները ալեկոծվում էին գազանային կատաղության մեջ։ Ո՞վ կարող էր արգելել այդ մոլեռանդներին, ո՞վ կարող էր զսպել նրանց կատաղությունը, թեև ամբողջ կանանոցը շրջապատված էր հայոց զինվորներով։ Նրանք հենց կանանոցի շեմքի վրա կխողխողեին հանդուգն այցելուին, որ համարձակվում էր մուտք գործել արքայից արքայի սրբարանը։ Բայց ներքինապետի սաստիկ պատվերը հանգստացրեց նրանց։ «Հայոց սպարապետը ձեր դիակների վրայով կանցնի և կգնա տիկնանց—տիկնոջ մոտ, եթե դուք ամենափոքր անկարգություն անելու լինեք»,— սպառնացավ նրանց ներքինապետը։ Նա դուրս եկավ դիմավորելու սպարապետին, իսկ մյուս