Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնվես, ուղարկի՛ր ինձ մոտ այդ նշանը, և արյաց տիկնանց֊տիկինը ամեն ջանք գործ կդնե, օգնության ձեոք մեկնելու քեզ։ — Այդ խոսքերի հետ նա հանեց յուր մատից արքայական մատանին առաջարկեց յուր ազատողին։

Սպարապետը քաղաքավարությամբ մերժեց, ասելով.

— Քո բարեսրտությունը, թագուհի, ինձ համար մեծ առհավատչյա է։ Նա կրկին ու կրկին անգամ գլուխ տվեց և դուրս եկավ թագուհու վրանից։

Ազատության լուրը արդեն տարածվել էր ամբողջ կանանոցում, և Շապուհի գեղեցկուհիների ուրախությունը չափ չուներ։ Ամենքը անսահման հրճվանքով օրհնում էին, փառաբանում էին այն մարդու կյանքը, որ նրանց ազատություն շնորհեց։ Եթե սովորությունների խստությունը չզսպեր նրանց ոգևորությունը, անպատճառ, խմբովին դուրս կվազեին իրանց փակյալ օթյակներից, արտահայտելու իրանց շնորհակալության խորին զգացմունքները։

Երբ սպարապետը դուրս եկավ թագուհու վրանից և սկսեց գնալ յուր իջևանը, այդ միջոցին զարմացած ներքինիները՝ խուռն բազմությամբ թավալվում էին նրա ողորմած ոտքերի տակ և համբուրում էին զգեստների դրոշակները։ Իսկ կանանց վրանների հետ քաշած վարագույրների ետևից՝ հարյուրավոր գեղեցիկ աչքեր, լի գոհունակության արտասուքներով, նայում էին վայելչագեղ երիտասարդի վրա, որ յուր քաջության հետ միացրել էր այնքան հոգեկան ազնիվ հատկություններ։

Նա ո՛չ միայն բոլորին ազատություն շնորհեց, այլ չկողոպտեց կանանոցի անբավ հարստությունը, որ ժամանակի սովորությամբ՝ յուր սեփականությունն էր համարվում։ Նա թողեց կանանոցը յուր ամողջ պարագաներով անձեռնմխելի, յուր զինվորներին պատվիրելով, մի շյուղ անգամ չհափշտակել, ինչ որ կանանոցին է պատկանում։ Նա ավարի առեց միայն Շապուհի արքայական վրանների հարստությունը և նրա բանակը յուր բոլոր ռազմամթերքով։ Իսկ կենդանի մնացած զինվորներին գերի վարեց։




Մուշեղի վարմունքը ընդհանուր համակրության և խորին զարգացման արձագանք գտավ Տիզբոնում։ Պարսից համար մի տարօրինակ հրաշք էր այդ տեսակ վարմունքը։ Շապուհը հրամայեց իսկույն վեր առնել նրա հոր պաճուճապանը, որ Անուշ բերդում