Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց գիտե՞ս, տիկին, որքա՞ն թանկ է նստում մեզ հռովմեական դաշնակցությունը...

— Գիտեմ։ Բայց ես ընտրում եմ երկու չարյաց փոքրագույնը։ Մեր հարաբերությունները պարսից հետ այն աստիճան թշնամական կերպարանք են ստացել, որ ես ամենևին հույս չունեմ, թե այսուհետև մեր և Շապուհի մեջ որևէ հաշտություն կկայանա, ինչպես հույս չունեմ, որ նա իմ ամուսնին կվերադարձնե Անուշ բերդի աքսորանքից: Մյուս կողմից, իմ որդին գտնվում է Բյուզանդիայում, կայսրի մոտ։ Նրան պետք է բերել, և ես ցանկանում եմ, որ նա գա և հոր փոխարեն թագավոր դառնա։ Առանց թագավորի Հայաստանը դանդաղկոտությամբ է շարժվում, ինչպես մարմինը առանց գլխի։ Իսկ նրան բերել և յուր հոր գահը նստացնել այդ, իհարկե, առանց նորընտիր կայսրի հաճության և նրա հետ նոր դաշնակցության՝ լինել չէ կարող։ Իմ որդին նրա մոտ պատանդ է, նրա ձեռքումն է... Եվ ես ավելի բարվոք եմ համարում քրիստոնյա կայսրի հետ դաշնակցությունը, քան թե անօրեն պարսկի հետ հաշտությունը։

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա գեղեցիկ աչքերում փայլեց բարկության կրակը և նրա ձայնը զգալի կերպով փոխվեցավ։ Նա հոլանի ձեռքը տարավ դեպի ճակատը, ետ քաշեց սև գիսակների գանգուրները, որ անգիտակցաբար թափվել էին գունաթափ դեմքի վրա։

Սպարապետը լռությամբ լսում էր, թեև այդ բոլորը գիտեր նա։ Լսում էր սրտի դառն զեղմունքը անբախտ տիկնոջ, որ կորուսյալ թագավոր֊ամուսին ուներ, և նույնպես կորուսյալ թագաժառանգ-որդի։ Անողոք հանգամանքները ձգել էին Հայաստանի այդ երկու հույսերին՝ մեկին դեպի արևելք, մյուսին դեպի արևմուտք։ Թագավորը աքսորված էր Խուժաստանի Անուշ բերդում, իսկ թագաժառանգը պահված էր Բյուզանդիայի հռովմեական արքունիքում...

— Նստի՛ր, Մուշեղ,— դարձավ նա դեպի սպարապետը,— ես երկար պետք է խոսեմ քեզ հետ։

Սպարապետը նստեց։ Տիկինը կրկին վեր առեց նամակը։ Այդ նամակը ստացել էր նա յուր հորից՝ Սյունյաց Անդովկ իշխանից, որ այդ ժամանակ յուր Բաբիկ որդու հետ գտնվում էր Բյուզանդիայով։ Նամակի մեջ իշխանը խոսում էր ավելի յուր մասին, քան թե հայոց գործերի մասին։ Գրում էր, թե որպես նորընտիր Թեոդոս կայսրը հարգով է իրան, կամ որպես կայսրը շնորհեց իրան