Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավազակների հետ միանալուց մեզ համար, գոնե այժմ, մի առանձին վտանգ չեմ տեսնում, Մուշեղ, — ասաց նա գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ սպարապետի վրա նայելով։— Ես ունեմ այլ տեղեկություններ, որ քեզ, երևի, հայտնի չեն։ Պարսկաստանում գործերը վատ են։ Ինձ հաղորդել են Տիզբոնից, որ Շապուհի այնպես շուտափույթ, կերպով մեր երկրից հեռանալու պատճառը քուշանների արշավանքն է, որ այժմ կրկին սկսել են ասպատակել պարսից հյուսիս֊արևելյան գավառները։ Քուշաններին շուտով խաղաղացնելը՝ հեշտ բան չէ. նրանք բավական ժամանակ կզբաղեցնեմ Շապուհին։ Իսկ մենք այդ ժամանակից կարող ենք օգուտ քաղել։ Ուրեմն ա՛յն, որ ասում ես դու, թե Մերուժանը յուր կողմն է ձգել Լեկաց և Աղվանից թագավորներին, ես չեմ կարծում, որ նրանք ժամանակ գտնեն մեզ հետ գործ սկսելու։ Որովհետև, եթե Շապուհը գնալու է քուշանների դեմ, անպատճառ կկանչե Լեկաց և Աղվանից թագավորներին՝ մասնակցելու յուր արշավանքին։ Այդ նրա սովորությունն է, և ամեն անգամ այդպես է եղել, երբ նա քուշանների հետ պատերազմ է ունեցել։

Տիկնոջ քաղաքագիտական հմտությունները և, պարագաների համեմատ, նրա դատողությունները ընթացիկ գործերի մասին, որքան և ուրախացնում էին Մամիկոնյան իշխանին, այնուամենայնիվ, լսելով նրա ակնարկությունը յուր անուշադրության վերաբերությամբ, իբր թե յուր սպարապետը չգիտե, թե ինչ է կատարվում Պարսկաստանում,— այդ կծու ակնարկությունը դուրս կոչեց սպարապետի սառն դեմքի վրա մի աննկատելի ժպիտ, որը ամենայն զգուշությամբ ծածկեց նա։

— Ո՞վ է հաղորդել քեզ, տիկին, այդ տեղեկությունները Տիզբոնից,— հարցրեց նա մի առանձին հետաքրքրությամբ։

— Դրաստամատը, մեր հավատարիմ ներքինին, դու, կարծեմ, ճանաչում ես նրան։ Նա ինձ նամակ էր գրել։

— ե՞րբ ստացար այդ նամակը։

— Երեք օր կլինի։

— Այդ տեղեկությունները ինձ հայտնի են, տիկին։ Ես քեզանից ավելի վաղ ստացել եմ շատ մանրամասն տեղեկություններ Պարսկաստանի վերջին անցքերի մասին։ Իզուր ես մտածում, թե ես չգիտեմ՝ ի՛նչ է կատարվում մեր շուրջը։ Կարդա՛ այդ նամակը։ —Նա հանեց յուր ծոցից մի ստվար ծրար, տվեց թագուհուն, և նա սկսեց անհամբերությամբ կարդալ։

Նամակը գրել էր Մանվել Մամիկոնյանը՝ սպարապետի հա