Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դոսը, որի հետ մենք կարող ենք ամեն տեսակ համաձայնություն կայացնել։ Կրկնում եմ, սիրելի Մուշեղ, պետք է օգուտ քաղել այդ բարեհաջող հանգամանքներից։ Ամեն րոպե թանկ է մեզ համար։ Դու պետք է գնաս Բյուզանդիա, և պետք է աշխատես, որքան կարելի է, շուտով գնալ։

Սպարապետը, դեռ գլուխը խոնարհեցրած, լուռ մտածության մեջ էր։ Տիկինը շարունակեց․

— Դու պետք է գնաս որդուս բերելու։ Այժմ իմ նախարարները բոլորովին տարակուսյալ դրության մեջ են։ Ոմանք վհատությունից փախան դեպի զանազան կողմեր, ոմանք անցան պարսից կողմը, իսկ մնացողները տատանվում են անհաստատ երկբայությունների մեջ։ Հարկավոր է մի միավորիչ գլուխ, որ բոլորին ձուլե ի մի մարմին,— և այդ գլուխը պետք է լինի իմ որդին։ Պատրաստվի՛ր, սիրելի Մուշեղ, և շուտով ճանապարհ ընկի՛ր։ Կայսրին հասցնելու նամակը ես իմ ձեռքով կգրեմ։ Մի նամակ ևս կգրեմ հորս, մի նամակ էլ Ներսեսին։ Հույս ունեմ, որ մեր հարգելի քահանայապետը, որ այնքան տառապանքներ կրեց յուր թագավորի և յուր հայրենիքի համար, այժմ վերադարձած լինի աքսորանքից։ Ես էգուց բաց կանեմ արքայական գանձարանը և կպատրաստեմ ամենաթանկագին ընծաներ նորընտիր կայսրին տանելու համար։ Իսկ քո դեսպանախումբը դու ինքդ կկազմես, և մեր նախարարներից, մեր ավագներից որին ցանկանում ես, կտանես քեզ հետ։ Ես տարակույս չունեմ, որ դու Բյուզանդիայում փառավոր ընդունելություն կգտնես։ Թեոդոսը թե՛ քեզ և թե՛ քո արժանահիշատակ հորը անձամբ ճանաչում է։ Նա շատ անգամ լսել է ձեր քաջությունները պարսից դեմ և շատ անգամ ուրախացել է ձեզանով։

— Ես պատրաստ եմ, տիկին, — պատասխանեց սպարապետը խորին հոժարությամբ,— և մեծ հույս ունեմ, որ տերը կօգնե ինձ՝ կատարելու քո սրտագին բաղձանքները, որ մեր ամենիս բաղձանքներն են։ Բայց չեմ թաքցնում հայտնել քեզ, տիկին, որ ես տակավին մի որոշ եզրակացության չեմ հասել, արդյոք այդ բոլոր փոփոխություններից հետո, թե՛ Պարսկաստանում և թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, ի՞նչ դիրք պետք է բռնե Մերուժանը...

— Ես կարծում եմ, այսուհետև Մերուժանի մասին չարժե մտածել անգամ, որովհետև, Որմիզդուխտի մեր ձեռքը գերի ընկնելուց հետո, նա բոլորովին հուսահատված է, և մանավանդ զսպված է երևում։ Քանի օր առաջ ներկայացան ինձ նրա պատգամավորները, խնդրում էին, որ եթե Որմիզդուխտին հանձնելու