Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա նստեց, և ծառաները, ետ ու առաջ ընկած, սկսեցին տանել նրան դեպի յուր բնակարանը: Երկու լապտերներ լուսավորում էին նրա ուղին, և լուռ մտախոհության մեջ՝ անցնում էր նա ամրոց խորդուբորդ փողոցներով, որ ընկղմված էին գիշերային խորին մթության մեջ։ Ոչ ոք չէր երևում, բացի անքուն պահակներից, որ երբեմն խումբերով անցնում էին նրա մոտով, և ի պատիվ իրան նիզակները բարձրացնելով, գնում էին դեպի զանազան կողմեր։

Իբրև սպարապետ, իբրև երկրի ապահովության հոգաբարձու նվիրված էր նա Հայոց աշխարհին յուր հոգու բոլոր զորությամբ, բայց, միևնույն ժամանակ, նա ընտանիքի խիստ գթառատ հայր էր։ Արտագերս ամրոցումն էին նրա սիրելի զավակները և նրա սիրելի կինը։ Ո՞ւմը կարող էր հանձնել նրանց մի այնպիսի խռովալի ժամանակում, երբ Արտագերսը դրած էր մի սոսկալի հրաբուխի վրա, որ ամեն րոպե կարող էր բորբոքվել։ Այդ բերդին է ապավինած և հարյուրավոր իշխանազն ընտանիքներ։ Այդ բերդ էր ապավինած և ինքը՝ հայոց թագուհին։ Ապագան նրան խիստ մթին գույներով էր երևում, և նրա զգայուն սիրտը ալեկոծվում նույնպես մթին տարակուսանքներով։ Այդ մտատանջությունների մեջ հասավ նա յուր բնակարանը, ցած իջավ ձիուց և ներս մտավ: Նրան հանդիպեց դեռ չքնած կինը, որ անհամբերությամբ սպասում էր ամուսնին։

— Ինչո՞ւ այդքան ուշացար,— հարցրեց նա, ուրախությամբ ընդառաջ վազելով։

— Դու գիտես, սիրելիս, երբ մարդ Փառանձեմի ձեռքն է ընկնում, հեշտությամբ չի կարող ազատվել,— պատասխանեց սպարապետը գրկելով նրան։

Տիկինը ժպտաց։

Երկու օրից հետո, սպարապետը փառավոր պատրաստություններով և ստվար ազատագունդ համհարզներով ճանապարհ ընկավ դեպի Բյուզանդիա։

Նա ընդունեց թագուհու առաջարկությունը և գնաց։ Բայց թագուհին տուժեց...