Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա դուրս եկավ յուր բնակարանից, անցնում էր ամրոցի ընդարձակ բակով։ Պատանի Հուսիկը, կանգնած սենյակի դռան մոտ, մի առանձին ցավակցությամբ նայում էր նրա ետևից։ Նրան հայտնի չէին յուր տիրոջ վշտերը, նա չգիտեր, թե ինչու էր նա այնքան տխուր, բայց նկատելով նրա տխրությունը, ինքը նույնպես տխրեց։ Խեղճ պատանին սիրում էր յուր տիրոջը, յուր բարի և ազնիվ տիրոջը, որը այնքան ներողամիտ էր դեպի նա, որը երբեք չէր վշտացրել նրան։

Սամվելը ծածկված էր գարնանային թեթև վերարկուով առանց թևքերը հագնելու, որ ծածանվում էին վերարկուի լայն ծալքերի հետ։ Սպիտակ վերարկուն՝ գունավոր հագուստի հետ՝ մի առանձին վայելչություն էին ընծայում բարձրահասակ երիտասարդի գեղակազմ իրանին։ Նա ամրոցի ուրախությունն էր, երբ առավոտյան յուր օթևանից դուրս էր գալիս և հայտնվում էր բակում։ Ամեն կողմից ամեն աչքեր հիացած նայում էին նրա վրա:

Նա գնում էր առանց աջ ու ձախ նայելու,— գնում էր, գլուխը դեպի ցած խոնարհած,— գնում էր, որպես մի սգավոր։ Այսպես ոչ ոք չէր տեսել նրան։ Ի՞նչ դիրք բռնել մոր մոտ... կեղծե՞լ, խաբե՞լ նրան... թե՞ բացարձակ կերպով դատապարտել հոր վարմունքը...— այդ վարանմանց մեջ էր նա, այդ մտքերն էին տանջում նրան։

Ամրոցում կյանքը արդեն զարթնել էր. ամեն ինչ շարժողության մեջ էր։ Աղավնիները ցած էին իջել աշտարակների բարձրությունից, խումբերով պտտվում էին բակում և սիրաբորբոք տարփանքով քծնվում էին միմյանց շուրջը։ Իշխանական աղախինները, գույնզգույն հագուստներով, ուրախ, զվարթ, կատակներ էին անում միմյանց հետ, ծիծաղում էին, և կուտ էին ցրվում սիրելի թռչուններին։ Ներքինիները ծանր, հոգատար դեմքով, մի սենյակի դռնից դուրս էին գալիս և, լուռ ու մունջ ուրվականների նման, անցնում էին, մտնելով մի այլ սենյակ։ Մի գեղեցիկ տղա խաղում էր եղջերվի ձագի հետ, որի պարանոցը զարդարած էր արծաթյա օղամանյակով: Դա Սամվելի փոքր եղբայրն էր։

Ցերեկվա լուսով ամրոցը ներկայացնում էր յուր ահեղ, հսկայական կան կերպարանքով։ Թանձր, քարաշեն շրջապարիսպը մրցում էր շրջակա ժայռերի և ապառաժների բարձրության հետ։ Կարծես կիկղոպների ձեռքը շարել էր այն ահագին քարերը միմյանց վրա կազմել էր այդ վիթխարի շրջապարիսպը։ Նրա մեջ զետեղված էին բոլոր ջինվածքները, որ ծառայում էին մի մեծ իշխանական տան բնակության համար։ Նա այնքան ընդարձակ էր, որ վտանգի ժամանակ կարող էր այնտեղ