Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թողնել պաշարումը և հեռանալ, եթե Որմիզդուխտին նրան կհանձնեն,— բայց պատգամավորները միշտ տանում էին թագուհու խիստ պատասխանները։ Կատաղած Մերուժանը ավելի ևս սաստկացնում էր պաշարումը, կտրելով բերդի հաղորդակցությունը ամեն կողմից, և աշխատելով, եթե զենքի ումով անհնար կլինի գրավել, գոնե սովով ստիպե նրանց անձնատուր լինելու։

Բայց բերդը համառությամբ կանգնած էր յուր անսասան ապառաժների վրա, և առ ոշինշ էր համարում թշնամու սպառնալիքները։

Երբ Մերուժանը օրըստօրե ամրացնում էր պաշարումը, միևնույն ժամանակ Վահան Մամիկոնյանը յուր հրամանի ներքո եղած պարսկական մյուս զորքերով փակել էր բոլոր ճանապարհները, որպեսզի թույլ չտա, որ հայոց նախարարները պաշարյալներին օգնության հասնեն և Մերուժանի զորքերը ցրվեն բերդի շրջակայքից։

Բայց թագուհին դրսից օգնություն անգամ չէր սպասում։ Նա սպասում էր միայն յուր որդուն՝ Պապին։ Մի ամիս ևս, երկու ամիս ևս և գուցե շատ ամիսներ նա կարող էր ընդդիմանալ, մինչև կհայտնվեր ըղձալի որդին և յուր հետ կբերեր հռովմեական լեգեոնները...

Բայց Բյուզանդիայում գործերը դեռ հապաղման մեջ էին։ Հայոց պատգամավորները, ժամանելով այնտեղ, նորընտիր կայսրին յուր մայրաքաղաքում չգտան։ Նա զբաղված էր գոթաց պատերազմներով։ Այդ պատերազմները, իբրև մի աղետալի ժառանգություն, մնացել էին նրա նախորդից՝ Վաղեսից։

Վաղեսի վերջին օրերում, գազանաբարո գոթերը, ահագին բազմությամբ դուրս գալով իրանց մթին լեռներից, հեղեղեցին կայսրության ընդարձակ գավալները և հասան մինչև Բյոզանդիայի պարիսպները։ Վաղեսը կռվեց քաջությամբ և ընկավ քաջությամբ։ Պատերազմի դաշտիցնրան վիրավորված տարան մի գյուղական խրճիթ։ Թշնամին այրեց խրճիթը, նրա մեջ այրվեցավ և դժբախտ կայսրը։

Երբ նրա մահից հետո, Սիրմիոնում Թեոդոսը ընդունեց Գրատիանոսի ձեռքից կայսերական ծիրանին,— նորընտիր կայսրին վիճակվեցավ մի շատ դժվար գործ՝ նախ մաքրել երկիրը կիսավայրենի գոթերից և ապա գնալ Բյուզանդիա՝ ժառանգելու իրան հասած գահը։ Ամբողջ ինն ամիս տևեց, մինչև կարողացավ նա խաղաղացնել գոթերին, և ամբողջ ինն իմիս հայոց