Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րահասակ կին, որ վառած ջահր ձեռքին՝ միայնակ շրջում էր այդ դիակների մեջ։ Նա նմանում էր այն Արալեզ աստվածուհիներից մեկին, որ մի ժամանակ, կռվից հետո, շրջում էին պատերազմի դաշտում, և հայոց ընկած քաջերին կյանք և անմահություն էին շնորհում։ Տխուր, սրտաբեկ հայացքով աչք էր ձգում նա անբախտ զոհերի վրա, և ուշիկ քայլերով անցնում էր։ Նրանցից շատերը մի քանի օր առաջ կենդանի էին, նրանցից շատերը նրա սիրելիներն էին։ Իսկ այժմ ընկած էին անխնամ, անտեր, զուրկ այն միակ մխիթարությունից, որ վայելում է մահկանացուն, մայր-հողի գրկում հանգիստ գտնելով։ Տխո՜ւր էր տեսարանը, մահվան չափ տխո՛ւր էր։ Մոր կուրծքին կպած, հանգել էր սիրելի զավակը։ Նորափթիթ օրիորդը՝ խամրած, դալկացած, ընկել էր, որպես մի նորափթիթ ծաղիկ, որ յուր արմատից կտրում է, ցած է տապալում հնձավորի անգութ մանգաղը։ Սոսկալի՜ էր այդ հունձքը, դա անսիրտ Կրողների անողորմ հունձքն էր․․․

Նա՛, ջահը ձեռին, շարունակում էր առաջ գնալ։ Նրա գեղեցիկ դեմքը, ջահի պայծառ լուսավորության առջև, արտահայտում էր որդեկորույս մոր անմխիթար թախծությունը։ Բայց նա՛, այդ դժբա՜խտ մայրը, կորցրել էր յուր հազարավոր զավակներին... Նա կորցրեց բոլորին, բայց չկորցրեց յուր սրտի վեհությունը։ Նա զրկվեցավ բոլորից, բայց պահպանեց յուր կամքի երկաթյա ամրությունը...

Նա հառաջ էր ընթանում և նրա թեթև զգեստների երկար քղանցքները, քսվելով փողոցների անհարթ սալահատակին, գիշերային լռության մեջ՝ արձակում էին խիստ մեղմ, մելամաղձական սոսափյուն։ Նա դուրս եկավ նեղ, խորդուբորդ փողոցներից, և յուր արագ քայլերը ուղղեց դեպի երկու բարձր աշտարակներ, որ երկու վիթխարի հսկաների նման, կանգնած էին ամրոցի գլխավոր դռան աջ և ահյակ կողմերում։ Ներս մտավ աշտարակներից մեկի դռնից, սկսեց ոլորապտույտ սանդուղքներով վեր բարձրանալ։ Ջահի լույսը խռովեց չղջիկների գիշերային հանգիստը, որոնք ստվար խումբերով թաքնվել էին այդ հինավուրց շինվածքի մթին խորշերում։ Մի ակնթարթում, որպես մի սև թուխպ, փոթորկեցին նրանք աշտարակի դատարկությունը, և նրա խուլ կամարները թնդացին հարյուրավոր մաշկաթևիկների թափահարումից։ Մի քանիսն իրանց սառն, անախորժ թևիկներով զարկվեցան նրա գեղեցիկ երեսին։ Բայց նա ոչինչ չզգաց, միայն ձեռքով պահպանեց ջահը, որ չհանգցնեն։

25 Րաֆֆի Երկերի ժողովածու, հ. VII