Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ հասավ մինչև աշտարակի կատարը, մի առանձին խնամքով վեր առեց այնտեղ դրած ճրագները, վառեց ջահի լույսով և դրեց իրանց տեղում, նեղ լուսամուտների մոտ։ Ավարտելով յուր գործը, շտապով ցած իջավ։ Մոտեցավ ամրոցի երկաթյա դռներին։ Խորին ուշադրությամբ զննում էր ծանր փականքները, նայում էր ամուր նիգերին և շոշափում էր հաստ սողնակներն ու պարզունակները։ Ամեն ինչ յուր տեղումն էր, ամեն ինչ կազմ և պատրաստ էր, միայն պահապաններ չկային։ Նա անցավ դեպի մյուս աշտարակները։

Աշտարակների բարձրության վրա՝ տեղ-տեղ հանդիպում էր նա գիշերապահ զինվորների, որ նիզակը կուրծքին սեղմած, պառկել էին մերկ հատակի վրա։ Այդ մշտարթուն պահապանները, որ ամբողջ գիշերը իրանց դիտանոցի գագաթից հսկել գիտեին շրջակայքի վրա,— այժմ քնած էին, և քնած էին մահվան անզգա քնով․․․ Դա՜ռն օրհասը ժամանեց նրանց՝ հենց իրանց պաշտոնավարության րոպեում․․․

Այսպես ամեն գիշեր, ջահը ձեռին, միայնակ, հայտնվում էր այդ գեղեցիկ, բարձրահասակ կինը, և լուսավորում էր այն բոլոր աշտարակները, որ նայում էին դեպի պաշարող թշնամու բանակը։ Այդպես անում էր նա, որ թշնամուն կարծել տա, թե բերդում դեռևս մարդիկ կան, դեռևս ամեն ինչ յուր կարգումն է։

Այդ բարձրահասակ, գիշերաշրջիկ կինը հայոց թագուհին էր՝ գեղաչյա Փառանձեմը։ Նա այժմ յուր ամայի և անմարդացած ամրոցի թե՛ տերն էր և թե՛ նրա անքուն պահապանը, և յուր հոգու անսահման մեծությամբ լցնում էր նրա խորին դատարկությունը։

Համարյա միևնույն ժամանակ, երբ թագուհին ջահը ձեռին շրջում էր յուր բերդի ամայության մեջ և յուր սրտի սաստիկ բաբախմունքով զննում էր, վերաստուգում էր նրա յուրաքանչյուր ամրությունները,— այո՛, հենց միևնույն ժամանակ՝ բերդում հայտնըվեցավ մի այլ խուզարկու։ Նա եկավ դրսից։ Նա ներս մտավ այն գաղտնի անցքերից մեկի միջով, որոնց թե՛ մուտքը և թե՛ ելքը հայտնի էր միայն թագուհուն, և որոնց հարաբերությունը դրսի հետ՝ պահվում էր որպես խորին գաղտնիք։

Հաղթանդամ էր այդ մարդը, և յուր անհեթեթ հագուստով, որի լայն ծալքերը ալիքավոր խորշերով իջնում էին մինչև ոտները, ներկայանում էր որպես մի մռայլ, հսկայամարմին դև, որ գիշերային մթության մեջ անգամ, յուր մթին կերպավորությամբ՝ որոշվում էր տիրող խավարից։ Գոտիից կախ էր ընկած երկար