Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զոտում էր մարտկոցները և զինվորանոցները, քննում էր զենքերի մթերանոցները և ամեն ինչ յուր տեղումն էր գտնում։ Միայն ո՛չ զինվորներ կային և ո՛չ այլ մարդիկ։ Ի՞նչ եղան, ո՞ւր գնացին, միթե ամենքը մեռա՞ն,— այդ հարցերն էին պտտվում նրա խռովյալ գլխում, որ ամբոխված էր մռայլ մտքերով, որոնք նույնքան խավար էին, որոնք նույնքան զարհուրելի էին, որպես գիշերային ընդհանուր խավարը։

Երբ բոլորովին ստուգեց ամրոցի դատարկությունը, նա մոտեցավ արքայական ապարանքին։ Երկար դեգերում էր նրա շուրջը, և յուր լսելիքների բոլոր զորությամբ աշխատում էր ըմբռնել, արդյոք չէ՞ լսվում որևէ շշունջ ներսից։ Բայց այն ուրախ, մշտածիծաղ ապարանքը լուռ էր, լուռ էր որպես մի խուլ և անշարժ գերեզման։ Այդ սիրո և երջանկության պալատը, այդ անլուռ երգերի և նվագածության տաճարը՝ յուր բոլոր հոգեզվարճ կյանքով ու սովորություններով վաղուց ծանոթ էր նրան։ Նա գիտեր, թե օրվա ո՛ր ժամում ի՛նչ էր կատարվում այնտեղ։ Նա գիտեր նրա աղմկալի գիշերները, ուր մինչև առավոտ գուսանների հերոսական տաղ երգը և պարողների տրոփյունը թնդեցնում էին ընդարձակ սրահները։ Իսկ այժմ ամեն ինչ մեռած, ամեն ինչ նիրհում էր խորին, անմռունչ անշարժության մեջ։ Այդ անշարժությունը ավելի ծանր տպավորություն էր գործում ապարանքի թանձր մթությամբ, որ ապացույց էր մարդու և բնակիչների բացակայության։ Եվ այդ ուրախացնում էր նրան։ Այդ ապարանքը սովոր էր ամբողջ գիշերը վառված լինել, բազմաթիվ ճրագների անշեջ պայծառության մեջ։ Իսկ այժմ ո՛չ մի սենյակ լուսավորված չէր, և ո՛չ մի լուսամուտից ճրագ չէր երևում։ Մի սենյակից միայն նշմարվում էր աղոտ լույս, որը մարելու մոտ էր։ Ղա թագուհու առանձնարանն էր։

Նա մի առանձին անվճռականությամբ ոտք դրեց գլխավոր դռան սյամի վրա, բայց տակավին չէր համարձակվում ներս մտնել։ Զգուշանում էր, գուցե ապարանքի բազմաթիվ դրանիկներից և ոստանիկներից ոմանք դեռևս մնացած լինեին։ Բայց միևնույն ժամանակ նրան խրախուսում էր այն միտքը, որ եթե ապարանքում մարդիկ մնացած լինեին, ուրեմն ինչո՞ւ էր թագուհին այնպես միայնակ շրջում, կամ ինչո՞ւ էր կատարում նա այն ծառայությունը, որ յուր գործը չէր։ Նա յուր անվստահ քայլերը փոխեց և ներս մտավ։ Նա ներս մտավ, և իսկույն անհայտացավ ապարանքի մթին նրբանցքների մեջ...

Այդ միջոցին Շուշանիկը ու Հասմիկը խոհանոցում զբաղված