Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էին. մեկը փետրահան էր անում աղավնիները, մաքրում էր, մյուսը բորբոքում էր կրակը, որ շուտով խորովեն։ Բախտը նպաստեց նրանց և այն երեկո որսացին չորս աղավնիներ, որ խիստ հազիվ անգամ էր պատահում։ Իրանք ևս չորս հոգուց ավելի չէին․ թագուհին, Որմիղգուխտ օրիորդը և այդ երկու նաժիշտներն էին միայն մնացել բերդում։

— Այս գիշեր ճոխ սեղան կունենանք,— ուրախանալով ասաց Հասմիկը։

— Եթե մի կտոր հաց լիներ,— տխրությամբ նկատեց Շուշանիկը։— Ա՛խ, որքան ժամանակ է, որ հացի երես չենք տեսել...

Շուշանիկի բաղձանքը նույնպես տխրություն պատճառեց ուրախ Հասմիկին, որը, յուր ընկերուհուն մխիթարելով, ասաց.

— Աստված ողորմած է, սիրելի քույրիկ, մենք արդեն սովորել ենք առանց հացի՝ միայն մսով կերակրվել և աստված ամեն օր ուղարկում է մեզ համար գեղեցիկ աղավնիներ։

— Թագուհին նույնպես սովորեց... այժմ խորոված որսի միսը մեծ ախորժակով է ուտում, բայց Որմիդդուխտ օրիորդը զզվանքով...

— Նա էլ կսովորի...

Շուշանիկը կրկին ընկավ տարակուսանքների մեջ։

— Մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, Հասմիկ,— հարցրեց նա ցավալի ձայնով։— Ամենքը մեռա՜ն և հանգստացան։ Մենք միայն մնացինք։ Եթե մենք էլ մեռնեինք, կազատվեինք...

— Ինչո՞ւ մեռնեինք,— վշտանալով պատասխանեց Հասմիկը։— Եթե մենք մեռնեինք, ո՞վ պետք է ծառայեր թագուհուն։ Աստված մեզ թողեց նրան ծառայելու համար։

— Դու չե՞ս վախենում, Հասմիկ,— խոսքը փոխեց մելամաղձոտ Շուշանիկը։

— Ինչի՞ց պետք է վախենամ։

— Ինչպե՞ս ինչից։ Եթե պարսիկները գիտենան, որ բերդում մարդ չէ մնացել, և հանկարծ կոտրեն դռները ու ներս մտնեն։ Այն ժամանակ ի՞նչ կանես...

— Այն ժամանակ,— պատասխանեց Հասմիկը ծիծաղելով,— մենք մեր նետերով կկռվենք նրանց հետ և թող չենք տա, որ մեզ մոտենան․․․

Շուշանիկը նույնպես սկսեց ծիծաղել, բայց յուր ընկերուհու պարզամիտ խրոխտանքի վրա։ նա հասակով ավելի մեծ էր, քան ոգելից Հասմիկը։