Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչ խոհանոցում երկու նաժիշտները այդ խորհրդածությունների մեջ էին, թագուհին վերադարձավ ապարանքը։ Նա մտավ յուր առանձնարանը, աշտանակի վրայից առեց միակ ճրագը և իսկույն դուրս եկավ։ Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա դատարկ, խավարի մեջ ընկղմված լուռ սրահները և մոտեցավ մի սենյակի դռան։ Գրպանից հանեց բանալին, դուռը բաց արավ։ Այդ գործողությունը թեև չափազանց զգուշությամբ կատարվեցավ, այնուամենայնիվ, ծանր դռան ճռնչյունը զարթեցրեց մի օրիորդի, որ թախտի վրա պառկած էր։

— Ջո՜ւր եմ ուզում․․․ ծարա՜վ եմ․․․— եղավ նրա առաջին խոսքերը, երբ քնեած աչքերը բաց անելով, տեսավ յուր մոտ թագուհուն, ճրագը ձեռին։ Այդ խոսքերը այնպիսի մի պարզությամբ արտասանեց նա, որպես միամիտ երեխան դիմում է սիրելի մորը, կամ մտերիմ դայակին։

— Միթե քեզ մոտ ջուր չե՞ն դրել,— հարցրեց թագուհին մի այնպիսի կարեկցությամբ, որի անկեղծ հնչյունները լսվեցան նրա գթով լի, քաղցր ձայնի մեջ։

— Շատ անգամ մոռանում են...

Թագուհին ճրագը ցած դրեց, շտապով դուրս վազեց, և մի քանի րոպեից հետո կրկին ներս մտավ, ջրով լի արծաթյա թասը ձեռին։ Օրիորդը շնորհակալությամբ առեց թասը, շիջուց յուր ծարավը, ասելով.

— Բավական սա՜ռն է...

Այդ մանկահասակ աղջիկը Որմիզդուխտ օրիորդն էր՝ Շապուհ արքայի քույրը, հայոց թագուհու գերին, իսկ Մերուժան Արծրունու հանդերձյալ հարսնացուն։ Նա տասնևյոթ տարեկան հազիվ կլիներ, բայց, որպես արևելյան տաք երկնքի ծնունդ, վազօրոք հասունացել և կազմակերպվել էր յուր չքնաղության բոլոր կախարդիչ հրապուրանքով։ Գեղեցկության աստվածը. կարծես, նրա վրա թափել էր յուր բոլոր ճիգը՝ մահկանացուներից անմահ մի էակ ստեղծագործելու։ Նրա խոշոր աչքերի անսահման պայծառությունը միայն՝ բավական էր, որ յուր մեջ ընկղմեր Մերուժան Արծրունու բոլոր խելքը, միտքը և հոգին։ Նրա մեջ ա՛յն աստիճան քաղցրություն և ա՛յն աստիճան մեղմ քնքշություն կար, որ հայոց թագուհին, չնայելով որ այնքան դառն ատելություն ուներ թե՛ դեպի Շապուհը և թե՛ դեպի առհասարակ պարսից արքայական ազգատոհմը,— այնուամենայնիվ, վերջին օրերում ո՛չ միայն մայրական խնամք էր տանում Շապուհի քրոջ՝ Որմիզդուխտի