Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա, այլ սկսել էր մինչև անգամ սիրել նրան։ Վերահաս դբախտությունները սովը, ժանտախտը, ամրոցի ընդհանուր մահցությունը՝ մոռանալ տվին հայոց թագուհուն այն անողորմ ոխկալությունը, որ բորբոքվում էր նրա մեջ դեպի Շապուհի ընտնիքը։ Այո՛, նա սկսեց սիրել Որմիզդուխտին, նա սկսեց փայփայել յուր գերիին, որի կյանքը և մահը յուր ձեռքումն էր: Այդ սիրո մեջ գտնում էր նա յուր հոգու մխիթարությունը այն դբախտ րոպեներում, որ վերջին օրերում վարում էր նա յուր ամրցում։ Վիճակների համանմանությունը առաջ էր բերել նրանց մեջ մի տեսակ փոխադարձ կարեկցություն։ Օրիորդը, իրավ, գերի էր, բայց թագուհին միշտ գերության ենթակա էր յուր պաշարյալ ամրոցի մեջ։ Ամեն վայրկյան սպասում էր նրան մի նույնպիսի վիճակ, գուցե ավելի դժնդակ, գուցե ավելի դաժանական, հեռավոր Պարսկաստանում...

Ճարակող ախտի միջոցում՝ բռնվեցավ և նազելի օրիորդը։ Այդ օրերում թագուհին հանգստություն չուներ։ Ամբողջ գիշերներ լուսացնում էր նրա անկողնի մոտ։ Երբ ազատվեցավ, թագուհին մխիթարվեցավ։ Այնուհետև պահում էր նրան համարյա փականքի մեջ և թույլ չէր տալիս, որ ապարանքից դուրս գա։ Զգուշանում էր, մի գուցե դրսի սարսափելի երևույթների ազդեցությունը կրկին վերադարձներ նրա հիվանդությունը։ Օրիորդը սաստիկ վախենում էր մեռելներից. իսկ ամրոցի փողոցները դեռ լի էին դիակներով։

Թագուհու մատուցած սառը ջուրը խմելուց հետո, բոլորովին սթափվեցավ նա քնից և, հանկարծ վեր թռչելով յուր տեղից, գրկեց նրա պարանոցը և երկար բաց չէր թողնում յուր գրկից, համբուրում էր, փայփայում էր և, միևնույն ժամանակ, լսելի էր լինում նրա խուլ հեկեկանքը։

— Ինչ է պատահել քեզ հետ, սիրելիս, — հարցրեց թագուհին շփոթվելով։

— Ա՜խ, եթե գիտենայիր, որքա՜ն լաց եմ եղել... որքա՜ն լաց եմ եղել...— մրմնջաց նա լալագին ձայնով։

— Ինչո՜ւ էիր լաց լինում, սիրելիս։ Ի՜նչ ունեիր լաց լինելու:

— Երազումս էի լաց լինում... բայց հիմա ուրախ եմ... շատ ուրախ եմ... դու դարձյալ կաս... դու դարձյալ իմ մոտս ես...

Թագուհին հասկացավ, որ տխուր երազներ խռովել էին նրա զգայուն երևակայությունը։ Համբուրեց և, սեղմելով յուր կուրծքին, նստացրեց յուր մոտ՝ բազմոցի վրա, և ապա հարցրեց, թե ինչու էր լաց լինում երազում։