Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա մոտ՝ երկու ոսկյա բաժակներ։ Ամբոցում ամեն պաշար սպառվելուց հետո՝ մնաց միայն գինին։ Այդ ընտիր գինիները, Հայաստանի հատուկ տեղերից բերված, ահագին կարասներով թաղված էին գետնի մեջ, հողի տակ։ Նրանցից շատերը մի քանի տասնյակ տարիների հնություն ունեին։

Թագուհին լցրեց անուշահոտ գինին, բաժակներից մեկը դրեց յուր առջև, մյուսը՝ օրիորդի առջև։ Նա փոքր առ փոքր խմում էր և անլռելի ձայնով խոսում էր։ Խոսում էր Տիզբոնից, խոսում էր յուր վարած կյանքի զանազան արկածներից պարսից արքունիքում։ Եվ որքան խմում էր, այնքան հայկական կարմիր նեկտարը վառում էր մանուկ արյունը ուրախության կրակով, և այնքան նրա գունաթավ թշերը փայլում էին պայծառ գունով։ Նա այն աստիճան ոդևորվեցավ, որ երգեց մի հին արիական երգ.

Բարձր ապառաժի ահռելի կուրծքին

Կպած էր ամրոց, ամրո՛ց ահագին․

Թռչունն այն տեղից՝ վախում էր անցնել,

Գազանն այն կողմից՝ շտապում էր փախչել։


Միայն քամին էր, քամի՛ն համարձակ,

Որ սլանում էր այն կողմից արագ,

Եվ ամեն անգամ՝ տխո՜ւր, ողբալի՛՝

Յուր հետ բերում էր՝ ձայներ սոսկալի։


Ո՛չ քար, ռ՛չ աղյուս, ո՛չ փայտն անտառին,

Չէր նյութը նորա ահեղ շինվածքին,

Եվ ո՛չ վարպետի ձեռքը իմաստուն

Դրեց հիմքերը նորա հաստատուն։


Լոկ դիակներից, արյամբ շաղախված,

Լոկ կմախքներից, կույտերով դիզված,

Բարձրանում էին պարիսպներ մթին,

Թա՛նձր պարիսպներ՝ մահացու բերդին։


Եվ հրեշային բուրգ ու աշտարակ

էին մարդկային կառափունք համակ,

Կառափունք իրար վերա շարեշար՝

Խիստ քստմնելի կապեին կամար։


Յոթն էին թվով, յոթն եղբայրներ,

Յոթն էլ վիթխարի խոլ-խոլ հսկաներ,—

Յոթն պատուհաս այդ խուլ ամրոցում

Սնուցանում էր Արհիմնն յուր ծոցում։