Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրիորդի քաղցր, լիահնչյուն ձայնը մոտ կոչեց ապարանքում գտնված դևին, որը դուրս գալով յուր դարանից, կամաց-կամաց մերձեցավ այն սենյակին, որտեղից լսվում էր սքանչելի երգը: Նրա փակ, կարմրագույն մուճակները ամենևին ձայն չէին հանում, տիրող մթությունը նպաստում էր նրան աներևույթ լինել։ Նա ուշադրությամր ականջ էր դնում և, միևնույն ժամանակ, չարա-ությամբ խնդում էր...

Բայց օրիորդի երգը թագուհու վրա բոլորովին այլ տպավորություն գործեց։ Նա այն աստիճան զգացվեցավ, որ ծածկեց յուր արտասուքը, որպեսգի երգիչը չտեսնե։ Երգի իմաստը, բովանդակությունը թե՛ յուր և թե՛ այդ անբախտ աղջկա վիճակի հետ՝ մի զարմանալի համամասնություն ուներ, թեև նա երգեց բոլորովին անգիտակցարար։ Եվ ինքը օրիորդը ապրում էր այդ բերդում կատարյալ անգիտակցության մեջ։ Նա չգիտեր, որ ինքն էր այն երկպառակության խնձորը, որի գրավելու համար այնքան մեծ կորուստներ եղան։ Արտագերսը լցվեցավ դիակներով։ Եվ որպես երգի մեջ նկարագրված ամրոցը, նույնպես և Արտագերսը, ներկայացնում էր հազարավոր զոհերի մի հսկայական գերեզման։ Հայաստանը ողողվեցավ արյունով, և դեռևս շարունակվում էր կոտորածը, պիտի տևեր գուցե շատ երկար... Նա չգիտեր, թե այդ բոլորի իսկական շարժառիթը ինքն էր և Մերուժանի խելագար սիրահարությունը, որի բավականությունը պետք է արյունով և զորքերով ստացվեր... Նա չգիտեր և այն, թե ինքն ի՞նչ նպատակով էր պահվում այդ բերդում։ Նա հիշում էր այնքանը միայն, թե ինքը գտնվում էր յուր եղբոր կանանոցում, Թավրիզի մոտ թշնամին արձակվեցավ եղբոր բանակի վրա, այնտեղ կռիվներ եղան, մարդիկ սպանվեցան, և իրան բերեցին այդ բերդը։ Բերդի բարեսիրտ թագուհին առեց նրան յուր խնամակալության ներքո, պահում էր ուր զավակի պես։ Նա մինչև անգամ չգիտեր, թե ո՛վ էր պաշարել այդ բերդը։ Նա կարծում էր, թե դարձյալ միևնույն մարդիկ էին, հարձակվեցան յուր եղբոր բանակի վրա։ Այդ բոլոր անհասկացողությունները առաջ էին եկել նրանից, որ թագուհին մինչև այն որ միշտ աշխատել էր դառն իսկությունը ծածկել նրանից, որպեսզի նրա քնքուշ սրտին ցավեր չպատճառեր։

Մերուժանի մասին գաղափար անգամ չուներ նա, նրան երբեք չէր տեսել, այլ լսել էր անունը միայն։ Նրան չէին ասել, թե ինքը Մերուժանի նշանածն է և մի օր պետք է նրա կինը լինի։ Նա չգիտեր, այո, որ այդ բոլոր տառապանքները յուր պատճառով են