Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոշոր աչքերի մեջ վառվում Էր գոռոզություն և տոհմային հպարտություն, որը բոլորովին անհետացնում էր նրանց մեղմ քաղցրությունը։

Այդ փառահեղ տիկինը Սամվելի մայրն էր, որին կոչում էին Տաճատուհի:

Ներս մտավ երիտասարդը բռնի ժպիտը երեսին։

— Բարի լո՜ւյս, սիրելի մայրիկ,— ասաց նա և, յուր սովորության համեմատ, մոտեցավ ձեռքը համբուրելու։

Բայց երկու քայլ հեռավորության վրա կանգ առեց և կիսահեգնական ու կիսազարմացական ձայնով բացականչեց.

— Այդ ի՜նչ եմ տեսնում... Աստված է վկա, առանց հարցնելու կարող եմ ասել, որ հայրս գալիս է։

— Ինչի՞ց իմացար,— հարցրեց մայրը, քաղցր կերպով ժպտալով։

— Այդպես զարդարվել ես... հոնքերդ ներկել ես... ձեռքերդ ներկել ես... Այդ բոլորը ո՞ւմ համար է...

Մայրը գրկեց որդուն, ճակատը համբուրեց և, նստեցնելով յուր մոտ` գահավորակի վրա, ասաց.

— Այո՛, գալիս է, Սամվե՛լ։ Հիմա տո՛ւր. «ավետչեքս»։

Վերջին խոսքերի միջոցին մայրը ձախ ձեռքով գրկեց որդու պարանոցը, իսկ աջ ձեռքով բռնեց նրա ականջից, կրկնելով.

— Ասա, ի՞նչ ես տալիս։

— Մի զույգ համբույր,— պատասխանեց որդին, աշխատելով ականջն ազատել նրա ձեռքից։— Դրանից ավելի լա՞վ ավետչեք։ Էլ ի՞նչ ես ուզում։

— Հենց այդ եմ ուզում,— ասաց մայրը և, սեղմելով նրան յուր կուրծքի վրա. համբուրեց երկու թշերից։

Որդու ողջագուրանքը, մոր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էին։ Մայրը ուներ սիրող սիրտ, մանավանդ դեպի յուր զավակները, իսկ որդին հնազանդ, ծնողասեր զավակ էր։ Այժմ այդ անարատ սիրո մեջ մտել էր մի դև, մի չար միտք, որ պիտի երկպառակեր ընտանեկան խաղաղությունը, որ պիտի գժտություն, ատելություն և, գուցե, ավելի աղետավոր թշնամանք սերմաներ որդու և ծնողների մեջ։ Ամեն անգամ, որ այդ մտածությունները պաշարում էին Սամվելին, նա ամբողջ մարմնով դողում էր։

Նույն մտածությունները, ոչ սակավ սաստկությամբ, հուզում էին և մոր սիրտը։ Նա գիտեր Սամվելի ամուր հավատը, գիտեր նրա կրոնական ջերմեռանդությունը, նրան ծանոթ էին յուր որդու հայրենասիրական ջերմ զգացմունքները։ Այժմ ի՛նչպես հայտներ