Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարձակվում գլուխը բարձրացնել։ նրան այնպես էր թվում, որ բերդի փողոցներում ընկած հազարավոր դիակների ուրվականները պտտվում էին յուր չորս կողմում, վժվժում էին, քրթմնջում էին, և դառն անեծքներ էին թափում յուր վրա... Սարսափելով բռնեց աչքերը և հազիվհազ կարողացավ մոտենալ բազմոցին, և յուր վաստակաբեկ մարմինը թողեց նրա վրա։ Երկար, մի սրտատոչոր խռովության մեջ, տանջվում էր նա։ Խիղճը հանգիստ չէր։ Եվ ո՛րքան մտաբերում էր յուր խելացի և հեռատես սպարապետի նախագուշակությունները, որ խոսեց նա յուր Բյուզանդիա գնալուց առաջ, ա՛յնքան ավելի խղճահարվում էր նա, որպես մի թշվառ հանցավոր, որ յուր համառությամբ պատճառ դարձավ այնքան շատ զոհերի...

Նա երկու ձեռքով բռնեց աչքերը, ընկավ բազմոցի վրա։ Երկար ջերմ արտասուքը թանում էր նրա այտերը, երկար անագան ապաշավության կրակը այրում էր նրա սիրտը։

Այդ միջոցին դուռը կամաց բացվեցավ, և նախասենյակում թաքնված դևը ներս մտավ։ Խիստ դառն, սպառնական հայացք ձգելով տառապյալ կնոջ վրա անցավ նա դեպի սենյակի մի անկյունը, և ծածկվեցավ մռայլի մեջ։ Այնտեղից նայում էր, և նրա թուխ շրթունքները բաբախում էին ներքին ուրախությունից։ Ի՜նչ դրության մեջ էր գտնում այն հպարտ, մեծամիտ կնոջը, որի համար երբեք հոգ և արտասուք չկար։ Ի՜նչ վիճակի մեջ էր գտնում այն վեհանձն, փառասեր դշխոյին, որ սովոր էր ո՛չ միայն հայոց նախարարներին, այլև թագավոր-ամուսնին յուր լեչակի ազդեցության ներքո պահել։ Այժմ, լքված, հուսահատված, ընկած էր նա յուր շքեղ ապարանքի դատարկության մեջ, շրջապատված վշտերով ու տառապանքներով, և զուրկ ամեն պաշտպանությունից...

«Այդ դրությունը երկար շարունակվել չէ կարող...— ասաց նա գլուխը վեր բարձրացնելով, և արտասվալի աչքերը սրբելով։— Վաղ թե ուշ թշնամին կհասկանա իմ ամրոցի դատարկությունը... Այն ժամանակ Մերուժանի վայրագությունը կանցնի ամեն չափից... Ես տանջանքներից երկյուղ չունեմ... Ես երկյուղ չունեմ և մահից... Բայց ինձ հետ կմեռնի մի մեծ գործ, որի համար այնքան աշխատեցի...»։

Նրա զորեղ ձայնը թուլացավ, գեղեցիկ գլուխը խոնարհեցրեց և, երկու ձեռքերը փակելով, մի քանի րոպե մնաց լուռ ալեկոծության մեջ։ Անկյունում թաքնված դևը դեռ անշարժ կանգնած էր, և ոխակալությամբ լի աչքերով նայում էր նրա վրա։