Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Երբ առաջին անգամ,— շարունակեց նա,— Շապուհ արքան յուր ամուսնին խաբեությամբ հրավիրեց Տիզբոն, և պատվով պա- տվում էր յուր մոտ իբրև հյուր,— հետո հրավիրեց և ինձ։ Բայց ես, հասկանալով նենգավոր պարսկի չար դիտավորությունը, մերժեցի այդ հրավերը և չգնացի։ Ես մտածեցի, եթե նա իմ ամուսնին ար- ելու լինի Տիզբոնում, գոնե ես մնամ և պաշտպանեմ անտեր երկիրը։ Իմ նախատեսության մեջ՝ չսխալվեցա ես։ Նա իմ ամուսնին աքսորեց Խուժաստանի խորքերում, իսկ ինձ յուր ձեռքը ձգելու համար՝ ուղարկեց Մերուժան Արծրունուն։ Աստված օգնեց ինձ, և ես կարողացա քաջությամբ պատերազմել ընտանի թշնամու հետ։ Իսկ ա՞յժմ։— Այժմ ինձ շղթաներով կտանեն Շապուհի մոտ, և անիրավ պարսիկը յուր վրեժխնդրության բոլոր թույնը կթափե իմ վրա...

Նա դարձյալ լռեց, դարձյալ անմխիթար վշտերը պատեցին նրան։

— Այդ իմ հոգը չէ... թո՛ղ ես կորչ՜մ, թո՛ղ ես ոչնչանա՜մ, բայց Հայաստանը մնա...— գոչեց նա ողբալի ձայնով։— Բայց ես տեսնում եմ հայրենիքի անդարձ կորուստը... Իմ աչքի առջևն է նրա սգավոր ապագան... Ա՜խ, գոնե մի կողմից օգնություն լիներ, գոնե հասներ որդիս...

— Այդ մի՛ հուսար...— ստվերի միջից լսելի եղավ թաքնված ձայնը։

Թագուհին սոսկալով գլուխը բարձրացրեց, նայեց յուր շուրջը։ անակնկալ ձայնը սաստիկ խռովության մեջ դրեց նրան, մի չարագուշակ ձայն, որ, կարծես երկնքից լսվեցավ։ Երկար նրա շվարված աչքերը հածում էին սենյակի շուրջը, բայց ոչինչ չէր տեսնում։ Սկսեց երկնչիլ։ Փորձեց կանչել նաժիշտներին, բայց ձայնը չէր հնազանդվում նրան։

Այդ ո՞վ է... ո՞վ կա այստեղ...— վերջապես հարցրեց նա։

Գիշերային այցելուն դուրս եկավ յուր դարանից և լուռ կանգնեց նրա առջև։ Թագուհին նայեց նրա վրա և ամբողջ մարմնով դողաց։ Նրան այնպես էր թվում, որ տեսածը երազ է, կամ չար սատանաներից մեկը այդ ահարկու մարդու կերպարանքով ներկայանում է իրան։ Բայց բարկությունը իսկույն փարատեց նրա երկյուղը, երբ ճանաչեց նրան։

— Այդ դո՞ւ ես, Դղակ,— հարցրեց նրանից։

— Այո՛, ես եմ, տիկին,— պատասխանեց նա, ավելի մոտենալով։