Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև անգամ թագավորի վրա։ Նրա իշխանությունը ժառանգական էր։ Հայր֊Մարդպետը ընտրվում էր միշտ Մարդպետական նախարարությունից, թեև լինում էին երբեմն բացառություններ։

Արշակ թագավորը սկսեց ճնշել նրան, աշխատեց սահմանափակել նրա իրավունքները և դրանով գրգռեց նրա ատելությունը ոչ միայն յուր անձի դեմ, այլ առհասարակ Արշակունյաց տոհմի դեմ։ Երկար ժամանակ սնուցանում էր նա այդ ատելությունը յուր սրտում, և մի հարմար ժամանակի էր սպասում, որ արտահայտե։ Այժմ ժամանակը հասած էր համարում։

Նրա նախորդը յուր հանդգնության համար սպանվեցավ Մերուժանի հայր Շավասպ Արծրունուց. Իսկ ինքը՝ Արշակ թագավորի դեմ յուր ունեցած ատելությանը հագուրդ տալու համար Մերուժանի գործակից դարձավ, և պարսից Շապուհ արքայի սիրելին։

Ահա այդ դավաճանն էր, որ կանգնած էր Արշակի կնոջ՝ Փառանձեմ թագուհու հանդեպ. Նրա ահռելի դեմքը ճրագի աղոտ լուսավորության առջև՝ ավելի սոսկալի արտահայտություն էր ստացել. Դեռ մանկության հասակում ծաղիկը այդ դեմքի վրա մեծ հեղափոխություն էր գործել։ Նա այլանդակեց ահագին քիթը, նա այլանդակեց թխագույն շրթունքները, նա թողեց կաշու վրա այն խորին խորշերը, որ ծակտիքավոր չեչաքարի նմանություն ունեին։

Թագուհին դեռ լի վրդովմունքով նստած էր բազմոցի վրա և, գլուխը մտահույզ կերպով դեպի ցած խոնարհած, ամենևին չէր նայում նրա վրա։ Նրա անակնկալ հայտնվիլը արդեն բացատրեց, թե ի՛նչ չար նպատակով էր եկած։

Իսկ Մարդպետի ահարկու դեմքը, որ սկզբում ցույց էր տալիս խիստ դառն ծաղր և խիստ մաղձոտ հեգնություն դեպի թագուհու վիճակը,— այդ գոռոզ դեմքը հետզհետե կատաղի կերպարանք էր ստանում, որքան նա լսում էր թագուհու կծու հանդիմանությունները։ Բայց թաքցնելով յուր բարկությունը, բաց արեց լայն բերանը և հաստ, թխագույն շրթունքները արտասանեցին հետևյալ խոսքերը.

— Հայր֊Մարդպետը կարևոր ասելիքներ ունի, թող հայոց տիկինը առժամանակ թողնե յուր գեղեցիկ մտածությունները և բարեհաճի լսել նրան։

Թագուհին գլուխը վեր բարձրացրեց և դարձյալ խորին զզվանքով ասաց նրան.

— Ես քեզանից շատ շնորհակալ կլինեի, Հայր֊Մարդպետ, եթե հանգիստ կթողնեիր ինձ։ Դու արդեն հասար քո նպատակին։