Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որդուն, թե նրա հայրը ուրացել է յուր կրոնը և պարսից զորքերով գալիս է ոչնչացնելու ամեն ինչ, որ հայկական է։

Մայրը դեռ շատ առաջ կամակից էր յուր ամուսնի հետ։ Նրանք պատկանում էին հայոց ազնվականների այն խստասիրտ և պարսկամոլ կուսակցությանը, որ ատում էին հույներին, ատում էին և բնիկ Արշակունի թագավորներին։ Բայց մոր պարսկամոլությունը մինչև այնօր դեռ չէր արտահայտվել ազգային կամ քաղաքական խոշոր խնդիրների մեջ։ Մայրը միայն սիրում էր ընտանիքի մեջ մտցնել պարսկական լեզու, պարսկական սովորություններ, թեև այդ րոլորի համար միշտ հանդիպում էր որդու խորին տհաճությանը։ Այդ ընտանեկան խուլ կռիվը վաղուց սկսվել էր նրանց մեջ, և վաղուց Սամվելը նախապատրաստված էր որպես մի ընդդիմադիր ուժ արգելք դնելու մոր ձգտումներին։ Բայց դեռ երևույթներն այնքան անմեղ էին և առիթներն այնքան մեղմ էին, որ երբեք պատճառ չէին տվել ընտանեկան ծայրահեղ երկպառակության։ Իսկ ա՞յժմ. այժմ ի՞նչ պետք էր անել։ Այժմ ներկայանում էր մի սարսափելի պատճառ, որ կամ միանգամից պետք է խորտակեր ընտանեկան բոլոր կապերը, կամ որդուն հնազանդեցներ ծնողաց կամքին։ Մայրը այդ հույսը չուներ, նրան հայտնի էր որդու համառությունը , նրան հայտնի էր որդու և հաստատամտությունը։ Ամբողջ գիշերը մտածում էր նա այդ մասին և ոչինչ ելք չէր գտնում։ Վերջը վճռեց աղետավոր իրողության կեսը միայն հայտնել որդուն, իսկ մնացած կեսը պահել ավելի բարեհաջող ժամանակի համար։


Այժմ սկսեց ավելի թեթև խոսակցություններով զբաղեցնել որդուն, որ մի առանձին զվարճությամբ նայում էր նրա վրա։ — Ինչպե՞ս ես գտնում այդ նոր զարդարանքը, — հարցրեց Սամվելից։ — Հորս գլուխը վկա, սքանչելի է,— պատասխանեց որդին,— միայն դու մոռացել ես ներկել քո շրթունքները, այն ժամանակ կատարելապես մի պարսկական թագուհու կնմանեիր։ — Դու հեգնում ես,Սամվե′լ։ — Ի՞նչ հեգնելու բան կա,— ծիծաղելով ասաց որդին և, ձեռքը տանելով, մոր զարդարանքները մի առ մի շոշափելով, շարունակեց. — Բոլո՜րը գեղեցիկ է, բոլո՜րը հրաշալի է։ Ահա այդ արծաթյա մահիկը, զարդարած խոշոր ալմաստներով, որ կապել ես լայն ճակատիդ, դա փայլում է, որպես նորածին կիսալուսինը փայլում 41