Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տը խաղաղ էր և խիղճը հանգիստ։ Յուր աշխարհի փրկության համար՝ նա մաքառեց, որքան կարողացավ։ Մնացյալը վերագրում էր նախախնամության կամքին։ Հանդարտ քայլերով անցավ նա դեպի սենյակի մի անկյունը և ծունր դրեց հատակի վրա։ Արտասվալի աչքերը դեպի երկինք դարձնելով, ձեռքերը կուրծքի վրա փակած, երկար մնաց լուռ հափշտակության մեջ։ Աղոթում էր նա, աղոթում էր, որպես մահվան դատապարտյալը՝ կյանքի վերջին վայրկյաններում՝ փափագում է խոսել աստուծո հետ յուր իղձն ու պաղատանքը թափել նրա գթության առջև։

Աղոթքը բավական կազդուրեց նրան. աղոթքը զովացրեց հրաբորբոք սիրտը։ Արտասուքը սրբեց և վերկացավ։ Վերջին անգամ թախծալի հայացքը դարձրեց դեպի յուր շքեղազարդ մենարանի շուրջը, նայեց սիրելի առարկաների վրա, որ մի քանի րոպեից հետո պարսկական զինվորների ավարառության նյութ պիտի դառնային։

Նա անցավ քնարանը, որտեղ պառկած էր Որմիզդուխտ օրիորդը։ Մոտեցավ նրա անկողնին, բայց դժվարանում էր խանգարել նազելի օրիորդի անուշ քունը։ Այնպես, անշարժ կանգնած, լուռ նայում էր նրա վրա։ Մտաբերում էր նրա գիշերվա խոսակցությունը, և ուրախանում էր նրանով։ Սենյակի տոթի պատճառով՝ թեթև վերմակը կիսով չափ մի կողմ էր ձգված։ Երևում էր հարուստ կուրծքը, երևում էր գեղեցիկ դեմքը, որ սքողված էր սիրուն գիսակների թեթև գանգուրների ներքո։ Նա մոտեցավ և համբուրեց շառագունած երեսը։ Օրիորդը չզարթնեց։ Նա դեռ կանգնած, շարունակում էր նայել նրա վրա։ Բայց մի մթին զգացմունք հանկարծ սկսեց ալեկոծել արդեն հանդարտած սիրտը։ Նրա խոշոր աչքերը վառվեցան և խաղաղ դեմքի վրա երևացին անբացատրելի ցնցումներ։ Նա յուր դողդոջուն ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը, հենվեցավ պատին, որ կարողանա իրան ոտքի վրա պահել։ Այդ դրության մեջ մնաց մի քանի րոպե։ Կատաղությունը հետզհետե սաստկանում էր և հուզված սիրտը բաբախում էր անհնարին խռովության մեջ։ «Դա պետք է այն չարագործի ձեռքը չընկնի՜»...— մրմնջաց նա, և մի քանի քայլ փոխեց դեպի օրիորդի անկողինը։ Բայց իսկույն սոսկալով ետ դարձավ և կրկին հենվեցավ պատին։

«Ո՛չ... ո՛չ...— մտածեց նա երկար տատանմունքներից հետո,— ես այդ արյունից մաքուր կպահեմ իմ ձեռքերը... Այո՛, ես վճռել էի, ես մինչև անգամ երդվել էի, որ նույն րոպեում, երբ Մե