Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագուհին հեռացրեց նրանց, երբ նախասենյակում լսվեցին ծանր ոտնաձայներ։ Նա մոտեցավ, նստեց բազմոցի վրա, իսկ նրա մոտ նստեց օրիորդը։

Ներս մտան Մերուժան Արծրունին, պարսիկ զորապետը, մի խումբ թիկնապահների հետ։ Մերուժանի գոհունակ դեմքը փայլում էր ուրախությունից։ Խորին հրճվանքով առաջ ընթացավ նա և, յուր ծունրը դնելով օրիորդի ոտների մոտ, արտասանեց հետևյալ խոսքը։

— Այդ բոլորը կատարվեցավ քո ազատության համար, և քո համար, նազելի Որմիզդուխտ։ Հայոց թագուհին քեզ գերի բերեց յուր ամրոցը, իսկ ես, քեզ ազատելու համար, ոչնչացրի այս ամրոցը՝ յուր զորքերի ահագին բազմության հետ։ Հույս ունեմ, որ դու այսուհետև կհարգես այդ սուրը, որ այնքան անձնավերաբար գործեց քո պատվի և քո կյանքի համար։

Օրիորդի խոշոր աչքերը վառվեցան բարկության բոցով։ Նա ոչինչ չպատասխանեց և ոչ արժանացրեց նայել նրա վրա։ Այլ ոտքով սուրը մի կողմ հրեց և, դառնալով դեպի պարսիկ զորապետտ՝ հարցրեց.

— Ինչպե՞ս է քո անունը։

— Ալանաողան, քո ծառան,— պատասխանեց նա գլուխ տալով։

— Ո՛վ Ալանաողան, հրամայում եմ քեզ իմ եղբոր՝ արքայից արքայի՝ անունով, հեռացրո՛ւ այստեղից այդ մարդուն,— նա ձեռքը զզվանքով տարավ դեպի Մերուժան Արծրունին։—Նա չպիտի համարձակվի տեսնել իմ երեսը։— Պատրաստել տո՛ւր մեզ համար առանձին պատգարակներ, ես և հայոց թագուհին միասին պիտի գնանք Տիզբոն, իմ եղբոր մոտ։

Զորապետը, ի նշան հնազանդության, կրկին և կրկին անգամ խոնարհեցրեց գլուխը, պատասխանելով.

— Այրաց մեծափառ օրիորդի հրամանը կատարված կլինի, որպես նրա բարձր ցանկությունն է։

Կարծես ամբողջ ապարանքը փուլ եկավ Մերուժանի գլխի վրա, և նա խորտակվեցավ, փշրվեցավ նրա փլատակների ներքո։ Հարվածը մեծ էր և վերքը անբուժելի։ Նա այն աստիճան շփոթվեցավ, նա այն աստիճան կորցրեց յուր վեհությունը, որ մի բառ անգամ չգտավ պատասխանելու, երբ պարսից զորապետը, որ յուր ստորագրյալն էր, բռնեց նրա ձեռքից, և դուրս հանեց սրահից։

Թագուհին նայեց նրա վրա, և խղճաց,