Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքերում մի կաթիլ արտասուք անգամ չէր մնացել, որ թափեր դժբախտ Արտաշատի վրա։

Տափերական կամուրջը միակ անցքն էր, որ Արտաշատից տանում էր դեպի Արաքսի աջ ափը։ Նա հասավ կամուրջին, բայց չանցավ կամուրջը։ Այնտեղ մեկին սպասում էր, և լուռ մտախոհությամբ նայում էո գետի վրա։

Արևը տակավին փայլում էր, ծաղիկները շողշողում էին, թռչունները դեռ շարունակում էին իրանց առավոտյան տաղերգը։ Բնության այդ ընդհանուր սառնասրտության մեջ՝ վրդովված էր միայն Արաքսր: Որպես մի սգավոր, որդեկորույս մայր, պղտոր հորձանքներով որոտում էր, աղաղակում էր, հառաչում էր նա հեղեղելով յուր կանաչազարդ ափերը։ Որպես մի ահարկու վիշապ, փրփուրը բերանում, կատաղի կերպով առաջ էր մղվում, լայնանում էր, ընդարձակվում էր և, կարծես, որոնում էր լափելու, կլանելու այն չարագործին, որ այնպես անխնա ձեռքով այրեց, անապատ դարձրեց գեղեցիկ քաղաքներն ու ավանները, որ զարդարում էին յուր հրաշալի ափերը։ Նրա կատաղությունը զսպում էր հսկա կամուրջը, որ սեղմել էր նրան յուր բազմաթիվ կամարների ներքո։

Կամուրջի մյուս կողմում, Արաքսի աջ ափի մոտ, ընդարձակ, կանաչազարդ դաշտավայրը ծածկված էր խիտ վրաններով։ Ուղտերի, ձիաների, ջորիների և փղերի երամակները արածում էին վրանների շուրջը։ Ճոխորեն աճած խոտաբույսերը առատ սնունդ էին մատակարարում այդ անասուններին։ Այնտեղ դրած էր մի մեծ բանակ։ Երիտասարդը նայում էր դեպի բանակը։

Այդ միջոցին կամուրջի հակառակ ծայրում, երևաց մի փայակ, որ, երկար նիզակը ձեռին, ուղիղ մոտենում էր երիտասարդի խումբին։ Երբ բոլորովին մոտեցավ, խորին կերպով գլուխ տալով, կանգ առեց։

— Վերջապես դու երևացիր, Մալխաս,— դարձավ դեպի նա երիտասարդը։ — Ասա՛, ի՞նչ լուր ունես։

— Ո՛չ Մամիկոնյան տերը և ո՛չ Մերուժան Արծրունին այդ բանակում չեն,— պատասխանեց փայակը։

— Ապա որտե՞ղ են նրանք,— հարցրեց երիտասարդը և, միևնույն ժամանակ, նրա վշտահար դեմքի վրա նշմարվեցան անհամբերության նշաններ։

— Նրանք գտնվում են պարսից գլխավոր բանակում, որ այժմ դրած է Նախճվանի մոտ։

— Իսկ այդ ի՞նչ բանակ է։