Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բանակը արդեն մրափում էր ծանր, խաղաղական քնով. լապտերները մարել էին, և մի քանի զորապետների վրաններում միայն լույս էր երևում։ Սամվելը վերկացավ և հորը «բարի֊գիշեր» մաղթելով դիմեց դեպի յուր համար պատրաստված վրանը։ Նրան հետևեց Արտավազդ մանուկը, համբուրելով իշխանի աջը։ Ծերուհի Արբակի համար պատրաստված էր առանձին վրան է, որ մոտ էր Սամվելի վրանին։ Այնտեղ զետեղվեցան Սամվելի և մյուս մարդիկը։

Սամվելը իսկույն հանվեցավ, մտավ յուր անկողնի մեջ։ Փափուկ անկողինը հրավիրում էր անուշ քուն, բայց երկար քնել չկարողացավ նա։ Անդադար շուռ էր գալիս մի կողքից դեպի մյուսը և լուռ հոգվոց էր հանում։ Նրա մոտ պառկած էր պատանի Արտավազդը։ Նա նույնպես անքուն էր, նա նույնպես անհանգիստ էր։

— Դու շատ անզգույշ ես քո խոսքերի մեջ Արտավազդ,—նկատեց նրան Սամվելը։

— Այդ ոչինչ, ես իմ բանը գիտեմ...— պատասխանեց խորամանկ պատանին։

Սամվելը դարձյալ լռեց, դարձյալ նրա քունը չէր տանում։

Նույն միջոցին անքուն տանջվում էր յուր անկողնում և մի այլ անձն՝— նրա հայրը...

Բ

ՄԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՂՋԱԿԵԶ

«Սկսան այնուհետև (Մերուժանն Արծրունի և Վահանն Մամիկոնեան) յերկրին Հայոց աւերել զեկեղեցիս՝ զտեղիս աղօթից քրիստոնէից յամենայն կողմանս Հայոց՝ գաւառաց գաւառաց և կողմանց կողմանց»։
Փաւստոս։
Եւ զորս մի անգամ գիրս գտանէր (Մերուժան) այրէր»։
Խորենացի։

Սամվելը ամբողջ գիշերը անցկացրեց տենդային անհանգստության մեջ, Առավոտյան լուսաբացին միայն նրա քունը տարավ, բայց երկար չտևեց, որովհետև պատանի Արտավազդի շատախոսությունները շուտով զարթեցրին նրան։