Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանուկների կյանքին վերջ տվեց հենց իրանց տեղում։ Այդ անպետք ծանրությունները իրանց հետ առնել չկամեցան, և ընտրեցին ըստ մեծի մասին երիտասարդներին։

Գերիները պատսպարվելու համար վրաններ չունեին։ Նրանք գետնատարած ընկած էին բացօթյա դաշտի վրա։ Ցերեկը արևը խորովում էր նրանց։ Իսկ գիշերը ցուրտը սառցնում էր։ Նրանք բաղկացած էին հայերից և հրեաներից, որոնց մեծ մասը Լուսավորչի օրերում քրիստոնեություն էին ընդունել։ Վերջինների թվումն էր և նրանց Զվիթա անունով նշանավոր երեցը, որ ինքնակամ միացավ յուր հոտի հետ։ Այդ հրեաները Տիգրան Բ-ի օրերում, Բшրզափրան Ռշտունու ձեռքով, գերի բերվեցան Հրեաստանից։ Տիգրանի քաջ զորապետը նրանցով լցրեց հայոց քաղաքների դատարկությունը, և բազմամարդ դարձրեց երկիրը մի գործունյա և խելացի ժողովրդով։ Իսկ այժմ, Մերուժան Արծրունին, դատարկելով նույն քաղաքները, նրանց վարում էր Պարսկաստան։ Հայ գերիների թվում կային շատ եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ և եկեղեցական այլ պաշտոնյաներ, որոնց թիվը հասնում էր մի քանի հարյուրի։ Նրանց շղթայակապ շարել էին միմյանց հետ, և զատել էին մյուս գերիներից։

Հայրը կրկին անգամ մարդ ուղարկեց կոչելու որդուն, բայց որդին դեռ շարունակում էր նայել հոր և յուր քեռու գործերի վրա։ Սրտի և հոգու անհնարին ամրություն էր հարկավոր, որ այդ զարհուրելի տեսարաններից հետո մարդ կարողանար սառնասիրտ մնալ։ Բայց Սամվելը չուներ այդ ամրությունը։ ճանապարհին, գալու ժամանակ, տեսավ նա այն ավերակ քաղաքներն ու ավանները, որ դեռ ծխում էին կրակի մեջ։ Իսկ այժմ տեսնում էր նրանց դժբախտ բնակիչներին։ Դրանց պետք է քշեին հեռո՜ւ և հեռո՜ւ, դեպի Պարսկաստանի խորքերը։ Եվ ո՞վքեր։— Մեկը յուր հայրը, մյուսը՝ յուր քեռին, Մերուժանը...

Դարձյալ եկան կոչելու Սամվելին։ Այս անգամ գնաց նա, և նրա հետ գնացին իշխանի մոտ ծերունի Արբակն ու պատանի Արտավազդը։ Սամվելը աշխատում էր ուրախ ձևանալ, աշխատում էր, որքան կարելի է, սառնասիրտ լինել։ Բшյց բռնի կեղծավորությունը չէր հաջողվում նրան։ Նա գտավ հորը միայնակ յուր վրանում, զբաղված էր նամակագրությամբ, և շատ հավանական էր, որ գրում էր կնոջ նամակի պատասխանը։ Տեսնելով որդուն, մագաղաթյա թերթը մի կողմ դրեց, հարցնելով.

— Ինչպե՞ս ես այժմ, դու գիշերը շատ անհանգիստ էիր։