Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալարված փաթոթ, որ կապած էր մետաքսյա, գույնզգույն նարոտով։ Նա տվեք մագաղաթը որդուն, ասելով.

— Հորդ նամակն է:

Սամվելը ուրախությամբ բաց արեց մագաղաթի փաթոթը և, նայելով նրա վրա, ասաց.

— Դա պարսկերեն է գրված...

Մայրը կիսախրատական և կիսահանդիմանական եղանակով նկատեց նրան.

— Ա՜յ, քեզ որ միշտ ասում էի, որդի, սովորի՛ր այդ լեզուն, դու ինձ ականջ չէիր դնում, խելքդ ու միտքդ տվել էիր այն անիծված հունարենին և ասորերենին։ Հիմա տեսնո՞ւմ ես, հորդ նամակն էլ չես կարողանում կարդալ։ Դու մինչև անգամ աշխատում էիր` քո փոքր եղբորը, Վահանին ևս դժբախտացնել, արգելում էիր նրան պարսկերեն սովորել։ Բայց նա այժմ ո՛չ միայն վարժ խոսում է, այլև գրում է։

Մոր հանդիմանությունը սաստիկ վրդովեցրեց Սամվելին, բայց նա, զսպելով իրան, ասաց.

— Դու, իհարկե, կարդացած կլինես, պատմի՛ր, ի՞նչ է գրում հայրս։

Տիկինը պատմեց այն, ինչ որ արդեն գիտեր Սամվելը, թե Շապուհ արքան շնորհել է յուր ամուսնին հայոց սպարապետությունը, իսկ յուր եղբորը, Մերուժանին, խոստացել է հայոց թա¬ գավորությունը, և յուր քույր Որմիզդուխտին արքան կնության է տվել Մերուժանին։ Եվ այժմ թե Մերուժանը, և թե յուր ամուսինը ճանապարհի վրա են, պարսից զորքերով գալիս են, մեկը հայոց թագավոր դառնալու համար, մյուսը` հայոց սպարապետ։

Այդ պատմության բոլոր ժամանակ տիկնոջ դեմքը փայլում էր անսահման ուրախությամբ, իսկ Սամվելը խորին վրդովմունքով լսում էր նրան, ավելի և ավելի պինդ գալարելով յուր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղետավոր լուրը։ Բայց Սամվելը նախապատրաստված էր այդ բոլոր դառն և ամոթալի եղելությունները լսելու, որոնց մեջն էր տեսնում յուր հայրենիքի կործանումը։

Տիկինը յուր ստացած տեղեկությունների մի մասը միայն պատմեց, և նամակի մեջ այնքանը միայն գրված պետք է լիներ։ Բայց նա թաքցրեց Սամվելից, թե նրա հայրը և Մերուժանը ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը և խոստացել են Շապուհին նույնը մտցնել և Հայաստանում, և այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմություն, որ եկեղեցիների