Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձյալ չկամեցավ խանգարել սիրելի որդու քունը։ Ամբողջ գիշերը նրա մասին էր մտածում և նրանով էլ ուրախանում ։ Ի՜նչ երա- նելի հույսեր ասես չէր խոստանում այն վայելչագեղ, շնորհալի երիտասարդը։ Նրա մեջ կար ամեն ինչ, որ կարող էին հոր փափագներին լիակատար բավականություն տալ։ Ամբողջ գիշերը հրապուրվում էր նա այն փայլուն հաջողակություններով, որ սպասում էին որդուն։ Նրա մեջ գտնում էր՝ թե՛ ապագայի հերոսին և թե՛ ապագայի իշխանին։ Պարսկական արքունիքի զարդը պետք է լիներ նա, իսկ Հայաստանի փառքը։ Բայց այժմ սարսափեցնում էր նրան այն մտածությունը՝ մի՞թե որդին հակառակ պիտի գնար յուր սրտագին բաղձանքներին, մի՞թե արդեն կատարված կամ կատարվելու գործերը ընդդեմ էին նրան։ Բացատրություն պահանջել այդ մասին՝ վախենում էր նա,— վախենում էր միանգամից զրկվիլ այն ջերմ փափագներից, որ յուր սրտում սնուցանում էր որդու համար։ Նրա մի հակառակ բառը, նրա մի մերժողական խոսքը կարող էր ոչնչացնել ամեն ինչ։ Նա գտնվում էր այն ծանր, երկբայական դրության մեջ, որպես մի մարդ, որ սպասում է մահամերձ որդու մասին մի լուր։ Ստանում է նամակը, բայց չէ համարձակվում բաց անել։ Նամակը կա՛մ պիտի ավետեր որդու առողջությունը, կա՛մ պիտի գուժեր նրա մահը։ Ի՞նչ կլիներ յուր դրությունը, եթե այս վերջինը պատահած լիներ։ Նա նույնպես չէր համարձակվում բաց անել Սամվելի սիրտը։ Բայց եթե որդի՞ն բացվեր։— Այս ընդհարումից խուսափում էր նա, աշխատելով գոնե առ ժամանակ իրան քաղցր հույսերի փայփայման մեջ պահել։

Նա սիրում էր որդուն, սիրում էր հոր սրտի բոլոր ջերմությամբ։ Բայց այս սերը նրա մեջ նույնքան եսական էր, որքան եսական էին նրա բաղձանքները որդու վերաբերությամբ։ Նա նայում էր որդու վրա ո՛չ թե իբրև մի ազատ, ինքնակամ անհատի վրա, այլ որպես մի հաջողակ վրա, որով միայն ինքը պետք է փառավորվեր։ Եթե որդին բարձր պաշտոնների կհասներ, եթե նա կփայլեր բարձր շրջաններում,— այդ փայլը իրան էր պատկանում, որովհետև որդին նույնպես իրան էր պատկանում։ Եթե մի նժույգ ձիարշավի ժամանակ տանում է մրցանակը, տերն է պարծենում և ոչ թե նժույգը։ — Այս եսական կետից էր նայում նա որդու վրա։ Մի այսպիսի հայացք կազմվել էր նրա մեջ ավանդաբար, որ ստացել էր նա յուր ազնվապետական ժառանգության հետ։ Ինքը նույնպես ծառայել էր յուր հոր բավականության համար, և յուր որդին ևս պետք է ծառայեր յուր բավականության համար։ Նրա ընդդիմությունը