Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողանում, թե ի՞նչ էր տեսածը։ Ծերունի Արբակը նույնպես ոչ սակավ հետաքրքրված էր այդ օտարոտի տեսարանով։

— Ո՞վ է իմանում, դարձյալ մի սատանայական բան կլինի... — ասաց նա գլուխը տարակուսական կերպով շարժելով և ձեռքը տարավ դեպի ճաղատ ճակատը՝ հովանավորելու աչքերը արևի շողքերից, որ արգելում էին նրան տեսնել։

Շատ չանցավ, զինվորները բերեցին մի քանի խումբ շղթայակապ, սևազգեստ գերիներ և կարգով կանգնեցրին խարույկի շուրջը։ Դրանք թվով մի քանի հարյուր եպիսկոպոսներ, վարդապետներ և երեցներ էին։ Գլուխները քարշ ձգած, խորին տխրությամբ նայում էին սրբազան գերիները խորհրդավոր խարույկի վրա, ուր, մի քանի րոպեից հետո, պիտի այրվեր նրանց սիրտը, նրանց հոգին...

Այնտեղ կանգնած էր և մի այլ անձնավորություն, մի ծանոթ մարդ, յուր երկար՝ անհեթեթ հագուստով, յուր մռայլ ծաղկահար դեմքով յուր հաստ՝ թխագույն շրթունքներով, որ պատրաստ էին անեծք և հայհոյանք թափելու ամեն սրբության վրա։ Նա ոխերիմ աչքերով երբեմն նայում էր դեպի սևազգեստ գերիները, երբեմն դեպի պատրաստված խարույկը։ Դա Հայր-Մարդպետն էր՝ սարսափելի Դղակը,— որ գաղտագողի կերպով մտավ Արտագերս ամրոցը և մատնեց հայոց թագուհուն։

Հեռվից հայտնվե ցավ սպիտակ թագավորը — Մերուժանը,— նստած յուր սպիտակ նժույգի վրա։ Երբ մոտեցավ, խարույկը վառեցին։ Թանձր, խանձահոտ ծուխը՝ յուր անախորժ ճենճերային բուրմունքով՝ տարածվեցավ օդի մեջ, իսկ կանաչագույն բոցերը բարձրացան դեպի երկինք։ Այրվում էր մի սոսկալի ողջակեզ,կրոնի և եկեղեցու ողջակեզը․․․

Այդ միջոցին Սամվելի վրանը ներս մտավ նրա հայրը։ Որդին պատկառանքով վերկացավ նստած տեղից։

— Այդ ի՞նչ են այրում,— հարցրեց նա վրդովված ձայնով։

— Մագաղաթ,— պատասխանեց հայրը անփույթ սառնասրաությամբ։ — Դու չե՞ս գա տեսնելու։ Ես եկա, որ քեզ տանեմ։

Գնա՛նք, շատ հետաքրքիր է։

- Ոչ, ես այստեղից ևս տեսնում եմ․․․- ասաց վշտացած երիտասարդը հրաժարվելով։

— Այնտեղից կգնանք Մերուժանի վրանը։ Քեզ ասացի, որ այսօր հրավիրված ենք նրա մոտ ճաշելու։

— Գիտեմ, բայց դեռ վաղ է... Մերուժանը ահա՛ զբաղված է