Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոեզից, Երնջակա գետակի ընթացքով, կմտնես մի նեղ ձոր, որ տանում է դեպի Ջուղայի կամուրջը: Այդ կամուրջով կանցնես Արաքսը։ Հետո կգնաս նույն ոլոր-մոլոր ճանապարհով, որի մասին խոսեցինք, և որը Արաքսի աջակողմյան ափերով տանում է դեպի նախավկայի վանքը, որից շատ հեռու չէ Աստղապատի անցքը, ուր կամուրջ չկա, և մարդիկ տկանավերով են անցնում Արաքսը։

Փայակը ուրախությամբ առեց նամակները հարցնելով.

— Իմ տերը հենց ա՞յս րոպեիս է հրամայում ճանսւպարհ ընկնել։

— Ոչ։ Դու կսպասես մինչև երեկո։ Հետո, երբ գիշերային խավարը բոլորովին կպատե, այնպես զգուշությամբ դուրս կգաս բանակից, որ քեզ ոչ ոք չտեսնե։

— Սատանան անգամ չի տեսնի,— պատասխանեց փայակը ինքնավստահությամբ։ — Բայց ո՞ւր տանել այդ նամակները և ո՞ւմը հանձնել:

— Նախավկայի վանքի մոտ, Մաղարթա չեռան ստորոտում, ժայռի վրա նստած կգտնես մի կրոնավոր։ Նամակներից մեկը կհանձնես նրան։

— Ո՞ր նամակը։ Իմ տիրոջ ծառան կարդալ չգիտե։

— Այն նամակը, որ կապած է կարմիր դերձանով։

— Իսկ եթե կրոնավորին ժայռի վրա նստած չգտնե՞մ։

— Անպատճառ կգտնեսա: Նա այնտեղ, մի սգավոր ոգիի նման, նստած է յուր վանքի մոխիրների վրա, ա՛յն հրաշալի վանքի, որ ավերակ դարձրեց Մերուժանը, և անմխիթար կերպով ողբում է նրա ցավալի կործանումը։

— Հետո ի՞նչ պիտի անե իմ տիրոջ ծառան։

— Հետո կթողնես վանքը և կշարունակես ճանապարհը դեպի Խրամ քաղաքը: Կգնաս, կգնաս, մինչև քո առջև կհայտնվի մի ծածկված պատգարակ, որը, դագաղակիր պատգարակի նման, պատած կլինի սգավորի սև պաստառներով։ Նրան ուղեկցում են լեռնականների մի քանի զինված գունդեր։ Այդ մյուս նամակը, որ կապած է կանաչ դերձանով, կհանձնես պատգարակի մեջ գտնված անձնավորությանը։

— Իմ տիրոջ ծառան չպիաի՞ գիտենա, թե ո՛վ է նա։

— Ոչ ոք չգիտե, թե ով է նա, բացի յուր զինյալ ուղեկիցներից, որոնք նրա անձնավորությունը պահում են իբրև խորին գաղտնիք։ Քեզ համար ևս մի առանձին պետք չկա գիտենալու, թե ով է նա։