Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան զորքերով օգնել հայերին։ Եվ հայոց ուխտապահ նախարարները , կայսրի օգնությունից զրկվելով, այնքան զորություն չէին ունենա, որ Արշակունյաց թագաժառանգին Բյուզանդիայից Հայաստան բերեին և յուր հոր թափուր մնացած գահը նստացնեին։ Մերուժանը բոլորովին բաժանում էր Հայր֊Մարդպետի քաղաքական հայացքները, մտածելով, որ հայոց հարաբերությունները հռովմայեցոց հետ խզվելուց հետո, Հայաստանում ասպարեզը յուր համար միան գամ այն բաց կմնար, և այնուհետև ավելի հեշտ կլիներ նպատակի հասնել։ Սամվելը ուշադրությամբ լսում էր։

Խոսում էին և երկու մոգերը։ Վերջինների խոսակցության ա- ռարկան ավելի գործնական էր։ Հայտնում էին, թե ե՛րբ ավելի բարեհաջող կլիներ բանակը շարժել յուր տեղից և ճանապարհ ընկնել դեպի Պարսկաստան։ Նրանց կարծիքով, դեռևս պետք էր երեք օր սպասել, որովհետև աստղները ուղևորության համար լավ նշաններ չէին ցույց տալիս։ Մերուժանը ոչ միայն հավատում էր աստղների, այլ հավատում էր մինչև անգամ կախարդության և այս արհեստի մեջ իրան բավական հմուտ էր համարում։ Նա նույնպես համաձայն էր մոգերի հետ և պնդում էր, թե անպատճառ պետք էր սպասել, մինչև երեք չարագուշակ օրերը անցնեին։ Թե որքա ն ուղիղ էին նրանց աստղագիտական նկատողությունները,— դա այլ հարց է, միայն Սամվելի համար հիշյալ երեք օրերը շատ և շատ հարկավոր էին։ Այդ էր պատճառը, որ նրա տխուր դեմքը սկսեց փոքր առ փոքր փայլել։

Բայց հանկարծ մի աղմուկ հյուրերի ուշադրությունը դարձրեց դեպի վրանի մուտքը։

— Ի սե՜ր աստուծո, թույլ տվեցեք թշվառիս ներկայանալ Մե- րուժանին,— վշտալի ձայնով աղաչում էր մեկը, բայց ծառաները քաշքշում էին նրան և թույլ չէին տալիս, որ մոտենա։

Լսելով աղաղակը, Մերուժանը հրամայեց սպասավորներից մե¬ կին, որ չարգելեն եկվորին։ Հայտնվեցավ մի պատկառելի ալևոր, կրոնավորի զգեստով, որ, խոնարհությամբ գլուխ տալով, հենվեցավ յուր հովվական ցուպի վրա և կանգ առեց վրանի մուտքի առջև։ Վշտահար դեմքը արտահայտում էր խորին դառնություն։ Աչքերի մեջ վառվում էր սրտմտության կրակը, որ խառն էր անմխիթար հուսահատոության հետ։ Նա ներկայանում էր, որպես մի սգավոր, որից հափշտակել էին յուր ամենասիրելին, յուր ամենաթանկագինը։ Եբրայական երկճղի գանգրամազ մորուքը, որ իջնում էր մինչև նրա մաշկեղեն գոտին, ցույց էր տալիս, որ այդ բարեշուք կրոնավորը