Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բա՜նը և կանիծե՜նք այն մարդուն, որ մեզ տարագրեք մեր սիրելի հայրենրքից...

Վերջին խոսքերը կայծակի պես շանթեցին Մերուժանի քարացած սրտին։ Նա սասանվեցավ, շփոթվցավ և երկար մի բառ անգամ չէր գտնում պատասխանելու։ Նրան շրջապատողները անհամբեր լռությամբ միմյանց երեսին էին նայում, և ամեն ոք սպասում էր, որ նա իսկույն կհրամայե՝ կա՛մ կտրել հանդուգն ծերունու լեզուն, կա՛մ հատանել աներկյուղ համարձակախոսի պարանոցը։ Բայց մեծ եղավ բոլորի զարմացքը, երբ Մերուժան բավական սեղմ կերպով պատասխանեց.

— Ես կատարում եմ պարսից արքայից արքայի բարձր հրամանը, հարգելի Զվիթա։ Ծառաները պետք է հնազանդ լինեն իրանց տիրոջը,— այդ պատվիրում է այն Ավետարանը, որի անունով խոսում ես դու։ Այլևս ինչո՜ւ այսպես անողորմ կերպով նախատում ես ինձ։

— Այո՛, Մերուժան, իմ Ավետարանը, որպես մի ժամանակ և քո Ավետարանը, պատվիրում է ծառաներին հնազանդ լինել իրանց տիրոջը։ Բայց դու այն ծառաներից ես, Մերուժան, որ վայելում ես քո տիրոջ թե՛ հարգանքը և թե՛ կատարյալ վստահությունը։ Եթե դու հրամայես՝ քո ձեռքում գտնված հրեա գերիներին՝ վերադառնալ իրանց տեղերը, — այդ մասին Շապուհ արքան երբեք դժգոհ չի լինի քեզանից և, գուցե, շատ շնորհակալ կլինի: Ես եկել եմ խնդրելու քո գթությունը, Մերուժան։ Խղճա՛ այդ դժբախտ ժողովրդին, պատիվ դի՛ր Աբրահամի, Իսահակի և Հակոբի սուրբ հիշատակին և լսի՛ր ծերունի երեցին, որ յուր արտասուքն ու աղերսը թափում է քո մեծահոգության առջև։ Ազատություն շնորհի՛ր այդ գերիներին, և դո՛ւ, Մերուժան, կլինես մեր երկրորդ Կյուրոս, և քո անունը միշտ օրհնությամբ կհիշե Հայաստանի հրեա Ժողովուրդը։

— Այդ բոլորը շատ գեղեցիկ է, հարգելի Զվիթա,— պատասխանեց Մերուժանը մի առանձին քաղցրությամբ, որի մեջ նմարվում էր և նրա սրտի խորին դառնությունը։— Ես սիրով կկատարեի քո խնդիրքը, եթե իմ թագավորին հարկավոր չլիներ քո ժողովուրդը։ Սպահանը՝ յուր շրջակա գավառներով՝ մնացել է դատարկ։ Իմ թագավորը ցանկանում է բնակեցնել արդ երկիրը մի ժողովրդով, որի վրա կարող լիներ կատարյալ վստահություն ունենալ։ Իսկ հրեաները որքան աշխատասեր, այնքան և հավատարիմ ժողովուրդ են։ Կտանենք՝ ձեզ այնտեղ, և դուք Սպահանում նույնքան բախտավոր վիճակի մեջ կլինեք, որքան էիք այստեղ