Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրեմն ինչո՞ւ դու կամեցար ազատություն շնորհել այն ծերունի երեցին,— հարցրեց Սամվելը, դառնալով դեպի յուր քեռին։

— Նա վերին աստիճանի ազդեցություն ունեցող մարդ է,— պատասխանեց Մերուժանը։— Նա պաշտվում է յուր ժողովրդից, որպես մի սրբություն։ Նրա ներկայությունը յուր ժողովրդի մեջ՝ կարող էր մշտական զգաստության մեջ պահել յուր ժողովրդին։ Իսկ նրա մահը (եթե հանգամանքները ստիպեին մեզ ոչնչացնել նրան) ավելի ևս պիտի բորբոքեր յուր ժողովրդի հավատը։ Նա կդառնար մի քաջ նահատակ, որի անունը երբեք չէր մոռացվի, և նրա հիշատակը միշտ կոգևորեր յուր ժողովրդին։ Կան մարդիկ, որոնց մահը ավելի վտանգավոր է լինում, քան թե նրանց կյանքը։ Նա այն տեսակ մարդիկներից է։

Սամվելը ոչինչ չպատասխանեց, իսկ Մերուժանը նրա լռությունը համաձայնության տեղ ընդունեց։ Բայց վշտալի երիտասարդը յուր մտքում այս էր խորհում. «Որքա՜ն ուսումնասիրել են այդ մարդիկը չարության գործը... որքա՜ն խորն են թափանցել իրանց անիրավությունների մեջ...»։

Խոսակցությունը այլ կերպարանք ստացավ, երբ Հայր֊Մարդպետը, դառնալով դեպի Մերուժանը, հարցրեց.

— Ցանկալի էր գիտենալ՜ այժմ որտե՞ղ հասցրած կլինեն հայոց թագուհուն։ Դու այդ մասին ո՛րևէ լուր ունե՞ս։

— Ունեմ,— պատասխանեց Մերուժանը վոքր֊ինչ այլայլված ձայնով և, միևնույն րոպեում, նրա գոհունակ դեմքի վրա անցավ մի տեսակ տխուր մթություն։— Նրանք այժմ պետք է անցած լինեն Եկբատանը. գնում են ավելի կարճ ճանապարհով...

Հայր֊Մարդպետը նկատեց Մերուժանի շփոթությունը և իսկույն ստրջացավ։ Հիշեցնելով նրան հայոց թագուհուն, հիշեցրեց, միևնույն ժամանակ, և նրա սիրելի Որմիզդուխտին։ Երկուսն էլ միասին էին գնում Պարսկաստան, այլ խոսքով, երկուսին ևս միասին էին տանում Պարսկաստան։ Նրանց հետ տանում էին և Մերուժանի խորտակված սրտի բեկորները... նրա վիրավորված զգացմունքները...

Մերուժանի թախծությունը նկատեց և Սամվելը, մտածեց փոքր-ինչ զվարճացնել նրան։ Նա գիտեր յուր քեռու բնավորությունը, գիտեր, որ նա այն ժամանակ միայն ուրախ էր լինում, երբ նրա հետ խոսում էին յուր զինվորական գործողությունների