Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հաջողություն եմ ցանկանում...

— Դու չես հավատում, Սամվել, բայց շուտով կտեսնես, որ այդ բոլորը կկատարվի,— ասաց մայրը, աշխատելով համոզել որ- դուն։— Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մոտ է, հունաց զորքերով կգա և յուր հոր գահը կժառանգե։ Բայց գիտե՞ս ով է հունաց այժմյան կայսրը։— Հայերի թշնամի Վաղեսը։ Նա արդեն հայոց քահանայապետ Ներսեսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնություն խնդրելու, ոչ միայն մերժել է յուր երեսից, այլ աքսորել է Միջերկրական Պատմոս կղզում։ Այդ դու գիտե՞ս։

— Առաջին անգամն եմ լսում...

Բայց նա գիտեր հալածասեր Վաղեսի անիրավ վարմունքը Ներսես Մեծի հետ։ նա ամենայն ուշադրությամբ հետևում էր բոլոր աղետավոր անցքերին, որ այդ ժամանակ կատարվում էին յուր հայրենիքի վերաբերությամբ։ Եվ նրա զգայուն սիրտը բազմաթիվ վերքերով խոցված էր կատարվող չարիքներից։

նա մտածեց կշտամբել մոր համակրությունը դեպի Վաղեսի վարմունքը։ նա մտածեց հայտնել յուր խորին տհասությունը դեպի յուր հոր և Մերուժանի գործողությունները, բացատրելով, թե որպիսի՛ ազգակործան հետևանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկությունները և, վերջապես, նա մտածեց խոստովանվել մոր առջև, թե ինքը, որքան կարող է, ամեն հնարներ գործ կդնե` ոչնչացնելու հոր դիտավորությունը։ Բայց նա գիտեր յուր մոր անսահման փառասիրությունը։ Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել և հայոց թագավորի քույր։ Ամեն մի ապացույց այդ մոլեգին ցանկության առջև կկորցներ յուր ազդեցությունը։

Խոհեմությունը փականք դրեց նրա լեզվին։

Զ

ԵՐԿՈԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐ

Մամիկոնյան նախարարները, վաղեմի ժամանակներից, վայելում էին հայոց սպարապետության արտոնությունը։ Այդ բարձր պաշտոնավարության իրավունքը անցնում էր նրանց տոհմի մեջ ժառանգաբար, որդին փոխարինում էր հորը, նրա վախճանից հետո։ Թեև եղել են բացառություններ, որ հայոց մյուս նախարարական տներից ևս սպարապետներ են ընտրվել, բայց այդ եղել է այն