Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիշապազունները։ Այժմ մնացել էին նրանց վիմային կմախքները միայն։

Մի կախարդված, քարացած աշխարհ էր այդ, որով ծանր ու հանդարտ կերպով ընթանում էր որսորդների ասպախումբը։

Նրանք հասան Նախճվանի աղմկալի գետակին, որ աղաղակելով և յուր խճավետ հատակին զարկվելով, շտապով վազում էր և խառնվում Արաքսին։

Այդ կողմում բնությունը այլ տեսարան էր ներկայացնում։ Գետակի ամբողջ երկարությամբ աճել էին վարսավոր ուռենիներ, կարճահասակ թթենիներ և զանազան վայրենի թուփեր, որոնք, միախառնվելով, հորինել էին մի կենդանի ցանկապատ, որ համարյա անանցանելի էր դարձնում ճանապարհը։ Այդ կողմումն էին քաղաքացիների բեղմնավոր այգիները։ Կռիվներից առաջ այդ հրաշալի այգիները իրանց գեղեցիկ մշակությամբ բոլորովին արդարացնում էին ամենահին ավանդությունը, թե հայ մարդը ծանոթ էր այգեգործության հետ սկսյալ այն օրից, երբ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց աշխարհի առաջին այգին։ Գողթնյաց երկրի ընտիր խաղողը ծանր, հյութալի ողկույզներով, վառվում էր հայոց արեգակի կյանք և քաղցրություն ներշնչող ճառագայթների ներքո։ Այդ խաղողն էր պարգևում այն ազնիվ նեկտարը, որ ոգևորում էր Գողթնյաց երգիչներին, իսկ այժմ տերևաթափ, որթակտոր եղած խաղողը, կարծես թե ճմլած և ջարդված լիներ մի սարսափելի կարկուտից։ Պարսից վինվորի ոտքն էր կատարել այդ սրտատոչոր ապականությունը: Կռիվներից առաջ կարմիր խնձորը, դեռահաս աղջկա կարմիր թշերի նման, ժպտում էր, ծիծաղում էր, իսկ ծանրաբարո տանձը յուր ծանրությամբ դեպի ցած էր խոնարհեցրել ծառերի սաղարթախիտ ոստերը, որոնք մի այնպիսի հաճոյական տպավորություն էին գործում, կարծես թե, գլուխները ծռելով՝ ողջունում էին անցորդներին։ Այժմ նույնպես կորացած էին ոստերը, այժմ նույնպես դեպի ցած էին կախված թառամած ճյուղերը։ Բայց դա պարսից անհագ զինվորի անողորմ ձեռքի գործն էր։ Կռիվներից առաջ դեղնագույն դեղձը համեստությամբ թաքնվել էր ծիրանի հսկա ծառերի ետևում, որոնք իրանց լայն, ստվերախիտ հովանավորության ներքո էին առել նրանց։ Իսկ այժմ ծարավությունից թոշնած ծիրանիները մերկացել էին իրանց հարուստ կանաչազարդությունը, և մի այնպիսի նիհար տեսք էին ստացել, կարծես թե աշնան վերջը լիներ: Չկար հոգատար այգեպանը, որ զովացներ նրանց ծարավը, որ ազատեր նրանց վաղահաս վախճանից։