Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակ միայն, երբ թագավորի և Մամիկոնյանների մեջ որևէ թշնամություն է տեղի ունեցել։

Տարոնի ամբողջ գավառը Մամիկոնյանների ժառանգությունն էր։ Այստեղ՝ Գլակա վանքում գրած էին նրանց տոհմային շիրիմները. այստեղ` Ողական ամրոցը ներկայացնում էր նրանց իշխանական ոստանը: Բայց Մամիկոնյաններից մի ճյուղ, բաժանվելով, ապրում էր Հայոց երկրի ամրությունների մեջ և այնտեղ ուներ յուր անմատչելի բերդը, որ կոչվում էր Երախանի։

Բացի սպարապետության պաշտոնից, իբրև քաջ, առաքինի, հայրենասեր և ամեն ազնիվ հատկություններով հայտնի մի տոհմ, գլխավորապես Մամիկոնյաններից էին ընտրվում հայոց թագաժառանգների դաստիարակները և նրանց սնուցանող դայակները։ Այնքան մեծ էր այդ տոհմի բարոյական ազդեցությունը, որ հայոց մյուս նախարարները միշտ խորին հարգանքով էին վերաբերվում դեպի Մամիկոնյանները, և ինքը, թագավորն անգամ մի առանձին անկեղծություն ուներ նրանցից։ Այդ էր պատճառը, որ Հայաստանում, ամեն մի դժվարին դեպքերում, ոչ մի գործ հնարավոր չէր համարվում, եթե Մամիկոնյաննը չմասնակցեին։ Անձնազոհությունը, բարձր առաքինությունը, հերոսական քաջազնությունը այդ տոհմի հատկանիշն էր։

Արշակ թագավորի օրերում Մամիկոնյաններից հայտնի էին երկու եղբայրներ` Վասակ և Վահան։ Վասակը, որ Արշակի մանկության դայակն էր, հետո սպարապետության աստիճան ստացավ, իսկ Վահանը հազարապետի պաշտոն էր վարում։

Այդ երկու եղբայրներից Ողական ամրոցում, ոչ մեկը չէր մնացել։ Վերջին երկու սուրհանդակները երկու եղբայրների մահվան բոթը բերեցին Տիզբոնից։ Վասակը սպանված էր, պարսից Շապուհ թագավորից, իսկ Վահանը մահացել էր բարոյապես... Ամրոցում մնացել էին երկու եղբոր որդիները միայն՝

Սամվելը՝ Վահանի որդին և

Մուշեղը՝ Վասակի որդին։

Գիշեր էր։ Ամրոցի այն բաժնում, որտեղ Վասակի ընտանիքն էր բնակվում, բոլոր սենյակների ճրագները մարած էին։ Միայն մի սենյակի լուսամուտների թանձր վարագույրների ետևից աղոտ լույս էր երևում։ Այստեղ դեռ չէին քնել։ Մի տղամարդ, անհանգիստ կերպով, երբեմն անցուդարձ էր անում սենյակի մեջ, երբեմն նստում էր բազմոցի վրա, և նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի դռները։ «Այդ ի՛նչ է նշանակում... — մտածում էր նա,— Սամվելը խնդրել է ինձանից գաղտնի տեսություն... ի՞նչ է պատահել,