Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընծայած նժույգի աստղը յուր նշանակությունը կորցնե Արաքսի թաղթաղուկների մեջ...

— Կարող է պատահել,— ասաց հայրը, թաքցնելով յուր տհաճությունը, որ պատճառեց նրան որդու կծու և հեգնական ակնարկությունը։ — Բայց մենք թաղթաղուկներից անցանք արդեն:

Հոր և որդու խոսակցության միջոցին մոտեցավ պատանի Արտավազդը:

— Ես թաղթաղուկներից չեմ վախենում,— ասաց նա ուրախ դեմքով։— Իմ ձին թեև հաջողության աստղ չունի, բայց անդունդների վրայից անգամ կարող է թռչել։ Սամվելը իզուր նազ է անում: Նա գիտե միշտ այսպես թանկ ծախել յուր շնորհքը։ Տեսեք, ես ինչպե՜ս եմ խաղացնում իմ ձիուն։

Առանց սպասելու, որ խնդրեն նրան, պատանին, յուր ձիու սանձը սաստիկ քաշելով, սկսեց մտրակել և զայրացնել նրան, որ ավելի գրգռե։ Ձին տաքացավ, բորբոքվեցավ, սկսեց սաստիկ ոստյուններ գործել։ Նրա ահագին թռիչքները նայողի վրա սարսափ էին ազդում։ Ամեն վայրկյան կարելի էր սպասել, որ զայրացած նժույգը յուր հանդուգն հեծյալին դեպի ցած կնետե։ Բայց պատանին նրա հետ ամուր կերպով ձուլվում էր, կարծես նրա անդամներից մեկը լիներ։ Նա այնքան ազատ և համարձակ էր պահում իրան, որ անկարելի էր երևակայել այն աստիճան ինքնավստահություն:

Երբ ձին բոլորովին բորբոքվեցավ, պատանին սկսեց զանազան ճարպիկ շրջաններ գծել տափարակի վրա։ Զին յուր բոլոր թափով պտույտվում էր, իսկ ինքը, միևնույն ժամանակ, զարմանալի արագությամբ անցնում էր նրա պարանոցով և կրկին նստում թամբի վրա։ Այդ միջոցին նա մի արագաշարժ ճախարակ էր, որ հոլովվում էր յուր առանցքի շուրջը: Նրան հետևեցին մի քանի պարսիկ պատանիներ, որոնց ճարպկություններն ևս ոչ սակավ հետաքրքիր էին: Բայց ամենքը նսեմացան պատանի Արտավազդի գործողություների առջև, մանավանդ, երբ սկսեց նա յուր անհնարին նիզակախաղը կատարեր: Ձիու սրարշավ փախուստի միջոցին՝ նետում էր նիզակը, և ամեն անգամ նիզակը շեշտակի կերպով ցցված էր մնում նշանակված կետի վրա, առանց յուր նպատակից վրիպելու։ Նա իսկույն կայծակի նման հասնում էր, խլում էր նիզակը և կրկին նետում էր։ Իսկ երբ պատահում էր, որ նիզակը յուր ծայրի վրա ցցված չէր մնում, այլ վայր էր ընկնում, այդ դեպքում, նա առանց մի րոպե կորցնելու, շուտով վրա էր