Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասնում, և, առանց ոտները ասպանդակներից հանելու, թամբի միջից թեքվում էր և բարձրացնում էր ընկած նիզակը։

Երբեմն հետամուտ էր լինում յուր հետ մրցող պարսիկ պատանիներին, որոնք այնպես էին ձևացնում, իբր թե խուսափում են նրանից։ Այդ միջոցին մանկահասակ հերոսը, կարծես թե, աճում էր, մեծանում էր նայողի ալքում և ահարկու կերպարանք էր ստանում։ Արծվի արագությամբ վրա էր հասնում, և նրա ախոյաններին խիստ սակավ անդամ էր հաջողվում՝ իրանց վահաններով ետ նահանջել նրա նիզակի զարկը, թեև վնասելու նպատակով չէր հարվածում։ Իսկ երբ ինքն էր փախուստ տալիս, ախոյանները նրա ձիու բարձրացրած փոշուն անգամ չէին հասնում։

Մի քանի այլ զինամարզություններ ևս կատարվեցան, մինչև ամեն կողմից լսվեցան հավանության բազմաձայն աղաղակներ. «Շա՜տ ապրի Արտավազդը, շա՜տ ապրի Արտավազդը...»։ Պատանին քրտնած, կարմրած, մոտեցավ խմբին։ Նրա վառվռուն աչքերը՝ ուժերի սաստիկ լարվելուց՝ փայլում էին մանկական ոգևորության բոլոր կյանքով։

— Դու քո զարմանալի ճարպկություններով նսեմացրիր մեր պատանիներին, Արտավազդ,— նկատեց պարսից Կարեն զորապետը։— Ասպարեզի փառքը քեզ է պատկանում։

Արտավազդը, որ երբեմն ցուցամոլի անմեղ պարծենկոտությունն ուներ, այս անգամ ինքն ևս հասկանալով յուր գերազանցությունը, համեստությամբ պատասխանեց.

— Ո՛չ, տեր զորապետ, ձեր պատանիները, երևի, խնայեցին ինձ, որովհետև ես մի նոր հյուր էի նրանց խմբի մեջ։

— Ընդհակառակն, նրանք խիստ անխնա կերպով էին մաքառում քեզ հետ, բայց դու հրաշալի քաջությամբ պաշտպանվում էիր։ Այժմյանից քո ճակատի վրա փայլում է ապագա հերոսի աստղը։

— Ինչպես Սամվելի նժույգի ճակատի վրա,— ծիծաղելով՝ ավելացրեց զվարճախոս պատանին։

— Կատակը մի կողմ,— նկատեց Մերուժանը մի առանձին նախագուշակությամբ։— Դու մի բան կդառնաս, և անպատճառ՝ լավ բան։

Բավական ժամանակ պատանին խոսակցության առարկա էր դարձել, մինչև հասան Արաքսի ափերին։ Այդ կողմերում Արաքսի ափերը ծածկված էին փափուկ, կարմրագույն ավազով։ Նույն պարարտ փափկության վրա աճել էին զանազան թուփեր և թավախիտ