Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որդուն յուր բոլոր դիտավորությունները, թե ի՛նչ նպատակներ ունի նրա ապագայի մասին, կամ ո՛րպես մտածում է տնօրինել նրա բախտավորությունը։ Բացի դրանից, կամենում էր բացատրել և յուր քաղաքական նպատակները, որ վերաբերում էին առհասարակ Հայոց աշխարհի գործերին։ Իսկ որդին նոր բացատրությունների կարոտ չէր։ Նա գիտեր և վաղուց հասկացած էր բոլորը։ Նա միայն ցանկանում էր հայտնել հորը, թե այն ամենը, ինչ որ կատարել է նա և կամ ինչ որ տակավին կատարելու դիտավորություն ունի, անտարակույս, կտանեն հայրենի աշխարհը դեպի անդառնալի կորուստ, իսկ որդին չէր ցանկանա յուր հայրենիքի ավերակների մեջ գտնել յուր փառքը։

Մինչ հայր և որդի սույն հոգետանջ լռության մեջ էին, որ ամեն վայրկյան պատրաստ էր պայթելու, պատանի Արտավազդը, կղզու մյուս կողմում հրաշքներ էր գործում։ նրա շները դուրս էին վանել եղեգների միջից մի կատաղի վարազ, որ, ձյունի պես ճերմակ, սրածայր ժանիքները փայլեցնելով, ահարկու կռնչյունով հարձակվում էր այս կողմ ու այն կողմ, և ամեն անգամ շները խմբովին խույս էին տալիս նրանից, որպես մկները կատվից։

Այդ կողմում որսորդները ձիավորված էին, որովհետև ձիերի շարժման համար բավական արձակ էր տեղը։ Միայն կղզու ափերի մոտ աճել էին թավ շամբուտներ, որոնց միջից դուրս էին քշել վարազին։ Նա դարձյալ աշխատում էր նետվել դեպի յուր մթին դարանը, դեպի շամբուտները, բայց պարսիկ պատանիների երկար շղթան բռնել էր այդ կողմը, և ամեն անգամ, երբ մոտենում էր վարազը, նրանք նիզակներով ետ էին մղում։ Ասպարեզը թողել էին պատանի Արտավազդին, որ միայնակ պետք է մաքառեր վտանգավոր որսի հետ։

— Արտավազդ, հեռու կա՛ց, այդպես չէ կարելի,— ձայն տվեց Մերուժանը, որ մի առանձին հետաքրքրությամբ դիտում էր պատանու կռիվը կատաղի անասունի հետ։

— Դա ի՞նչ բան է, — պատասխանեց նա յուր սովորական պարծենկոտությամբ,— ես մի անգամ Բզնունյաց անտառներում մի ամեհի արջ սպանեցի։

Մերուժանը հավատաց, բայց, այնուամենայնիվ, հրամայեց պարսիկ պատանիներին, որ օգնեն նրան։

— Ո՛չ, աղաչում եմ,— խնդրում էր նա սաստիկ բաղձանքով,— հրամայիր, որ թույլ տան՝ ես միայնակ վերջացնեմ իմ որսի հետ։ Դա իմն է, դրան ես եմ գտել շամբերի միջից։