Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վինել։ Նա, վաղ թե ուշ, կլուծվի, կանհետանա պարսկականի մեջ, և նրա հետ ամեն ազգային սրբություններ կկորչեն, կոչնչանան...

— Ինչ որ լինելու է, թո՛ղ լինի, միայն Արշակունիների թագավորություն չպիտի լինի,— պատասխանեց հայրը, ավելի զայրանալով։

— Ինչո՞վ էին վատ Արշակունիները։

— Դու դեռ հարցնո՞ւմ ես, Սամվել։ Դու երեխա չես, դու այնքան տարիք ունես, որ բավական է եթե հիշես քո տեսածը միայն, որ հենց քո հասակում՝ որքան չարագործություններ կատարեց Արշակ թագավորը, որ յուր մեղքերի համար՝ այժմ տանջվում է Անուշ բերդում։

Նա սկսեց մի առ մի թվել Արշակունիների գործերը և ապա ավելացրեց.

— Եվ դու, Սամվել, դեռևս ցանկանո՞ւմ ես, որ մի այսպիսի անբարոյական և ապականված թագավորական տուն գոյություն ունենա։

— Քո և Մերուժանի վարմունքը ավելի վատթար է, հա՛յր,— ասաց Սամվելը, այժմ այլևս չակնածելով նրա ծնողական պատկառանքին։— Ապականությունը ապականությամբ չեն սրբում և ոչ անբարոյականությունը՝ անբարոյականությամբ։ Դրանց մաքրելու համար ուրիշ միջոցներ կան։ Արշակունիների մեջ եղել են և այժմ կան այնպիսի պաշտելի անձինք, որոնց առաքինություններով միշտ պիտի պարծենա հայոց ազգը։ Իսկ եթե այդ հոյակապ ընտանիքի մեջ վերջին ժամանակներում հայտնվեցան մի քանի անբարոյական մարդիկ, դա նրանց մասնավոր մեղքն է, որ իրանք պետք է քավեն։ Նրանց մեղքերի համար ինչո՞ւ պետք է պատժվի ամբողջ հայոց ազգը և հայոց հայրենիքը։ Այն ևս կասեմ, հա՛յր, որ այդ իսկ անբարոյական համարված Արշակունիները գոնե մեկ կողմից այնքան բարոյական գտնվեցան, որ երբեք չդավաճանեցին հայրենի աշխարհին և հայրենի եկեղեցուն։ Իսկ դո՞ւք — դո՛ւ և Մերուժանը․․․

Վերջին խոսքերը կայծակի նման շանթեցին հոր սիրտը։ Նրա մեջ միանգամից փշրվեցան այն բոլոր երանական հույսերը, այն բոլոր ջերմ բաղձանքները, որ ուներ որդու վերաբերությամբ։ Նա փափագում էր, որ որդին ո՛չ միայն յուր կամակիցը լիներ, այլ յուր գործակիցը լիներ։ Իսկ այժմ հայտնվեցավ նա որպես հոանողոք հակառակորդ,— մի հակառակորդ, որի հետ դժվար է կռվել, և որին ավելի ևս դժվար էր տեղիք տալ։ Ինչպե՞ս պետք է