Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրեց։ Դժբախտ հանգամանքները պահանջում են՝ քանդել այդ անջրպետը և ձեռք մեկնել հին բարեկամին։

— Բայց դուք քանդում եք ո՛չ թե անջրպետը, այլ հիմքը,— ընդհատեց Սամվելը։

— Բնավ ոչ։ Լսի՛ր, Սամվել, երկար բացատրությունների կարոտ կլիներ, եթե ես սկսեի քեզ ապացուցանել, որ մենք Հիսուս Քրիստոսի խաչը թողնելով և մեր հին աստվածներին երկրպագություն տալով ոչինչ չէինք կորցնի։ Ես քեզ կկրկնեմ նույնը, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի, թե մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, և մենք ստիպված էինք տալ այդ մեծ զոհը։

— Ո՞րն է այդ մեծ գործը, որին դուք զոհում եք կրոնը, եկեղեցին,— հարցրեց Սամվելը, դարձյալ վրդովվելով։

— Հին բռնապետության տապալումը, Արշակունիների կործանումը,— պատասխանեց հայրը։ Միթե դու փո՞քր գործ ես համարում այդ։

— Փոքր գործ չեմ համարում։ Բայց ինչո՞ւ համար եք կործանում։

— Նրա համար, որ եթե մենք նրան չկործանենք, նա մեզ կկործանե։ Միթե դու մոռացե՞լ ես, թե որպիսի՝ կատաղությամբ Արշակ թագավորը և նրա հայրը սկսեցին ոչնչացնել նախարարական իշխանությունները։

— Չեմ մոռացել։ Բայց ես դարձյալ կասեմ քեզ, որ Արշակունիների կամայականության առաջը առնելու համար ուրիշ ավելի դյուրին միջոցներ կան։

— Ոչինչ միջոցներ չկան, բացի այն, որ արդեն սկսվել է և պետք է շարունակվի։ Հայոց նախարարները բաժանվել են երկու մեծ կուսակցության. մեկը, յուր առաջնորդ ունենալով եկեղեցականներին, աշխատում է պահպանել հին դրությունը՝ Արշակունիների քայքայված գահը, իսկ մյուսը, առաջնորդ ունենալով քո հորը և քո քեռուն, կամենում է ոչնչացնել հինը և ստեղծել մի նոր իշխանություն։ Շատ բնական է, որ այդ ներքին երկպառակությունը պիտի հարուցաներ և ներքին պատերազմ։ Մեր հակառակ կուսակցությունը դիմեց հռովմեական օգնության, իսկ մենք դիմեցինք պարսկական օգնության։ Սկսվեցավ ներքին կռիվը՝ ներքին արյունահեղության հետ։ Թե ի՛նչով կվերջանա, այդ աստուծո ձեռքումն է, բայց առայժմ հաջողությունը մեր կողմն է։

— Գիտեմ ձեր կողմն է։ Բայց խաբուսիկ հաջողությունը թող չհրապուրե ձեզ․․․— Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ