Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ մարդավարությանդ համար,— ժպտալով պատասխանեց ծերունին։— Պարսիկը, նեղն ընկած ժամանակ, միշտ մեծահոգի է ձևանում․․.

— Դու սպանեցիր իմ նժույգին և ինձ ոտքի վրա թողեցիր, իսկ ինքդ կռվում ես ինձ հետ՝ ձիու վրա նստած։

— Ես իսկույն ցած կիջնես, թոդ ուժերի հավասարություն լինի։

Արբակը իջավ ցած և յուր ձին հեռացրեց մի կողմ։ Այդ միջոցին խորամանկ պարսիկը թռավ նրա ձիու վրա և շտապեց փախչել։

Սամվելը, եղերական գործողությունից հետո, որոնում էր Մերուժանին։ Երկար թափառում էր կղզու մեջ և լի ոխակալությամբ՝ փափագում էր հանդիպել նրան։ Բայց Մերուժանի փոխարեն գտավ ծերունի Արբակին, որը, ապշած, շփոթված, նայում էր դեպի այն կողմը, ուր անհետացավ յուր երկչոտ ախոյանը։

— Խաբվեցա՜, սարսափելի կերպով խաբվեցա՜,— ասաց նա, դառնալով դեպի Սամվելը։— Եթե տասն նիզակի հարվածք ստանայի, այդքան չէի ցավի։

Նա սկսեց պատմել պարսկի յուր հետ խաղացած խաղը։

— Վնաս չունի,— ասաց Սամվելը, մխիթարելով վշտացած ծերունուն։— Անտարակույս, մի այլ անգամ ևս կհանդիպենք նրան։ Այժմ հնչեցրո՛ւ փողդ, թող հավաքվեն մեր մարդիկը։

Ծերունին հնչեցրեց փողը։

Սամվելի քառասուն մարդիկներից հայտնվեցան յոթն հոգի միայն։ Մնացյալը կա՛մ վիրավոր, կա՛մ սպանված՝ ընկել էին կղզու զանազան կողմերում։ Երիտասարդը թախծալի աչքերով նայեց մնացյալների վրա և ասաց.

— Յո՜թն հոգի... խորհրդավոր թիվ է․․․

— Իսկ մեր թշնամիներից այդքան էլ չէ մնացել... հանկարծ լսելի եղավ մի ձայն։

Սամվելը նայեց դեպի այն կողմը։ Ժպիտը երեսին, նրա գիրկն ընկավ պատանի Արտավազդը։

— Ինձ չհաջողվեցա՜վ... ինձ չհաջողվեցա՜վ․․․— տրտնջում էր նա։— Ես ծակեցի նրա ազդրը միայն։

— Դու չգիտես, որ նա կախարդ է․․․ երկաթը և պողովատը նրա վրա չեն ազդում... — Այդ ես իմ աչքով տեսա։ Իայց այժմ գիտեմ, թե ինչո՛ւ չեն ազդում..․