Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զվարթություն։ Միայն պարսից բանակը պատած էր տխրության մթին մռայլով։

Երեկվա աղետավոր անցքը արդեն հայտնի էր բոլորին։ Ամեն մի զինվոր գիտեր, թե ինչ էր պատահել «Իշխանաց կղզում»։ Դեռ լույսը նոր էր բացվում, երբ բերեցին Աամվելի հոր՝ Վահան Մամիկոնյանին մարմինը և հանգուցին յուր փառավոր, շիկակարմիր վրանում։

Մերուժանի երկնագույն վրանը այս առավոտ ավելի շքեզ տեսք էր ստացել արևի առաջին ճառագայթներից, որ մի առանձին քնքշությամբ շողշողում էին նրա ոսկեզօծ սյուների վրա։ Բայց, այսուամենայնիվ, այս մեծափառ վրանը չէր պատկերացնում այն սովորական փայլն ու վայելչությունը, որ հանդիսանում էր ամեն առավոտ, արևի ծագումից հետո։ Գալիս էին, ներկայանում էին բանակի բոլոր ավագներն ու աստիճանավորները, ողջունում էին իրանց հզոր հրամանատարի առավոտը, և յուրաքանչյուրը զեկուցում էր տալիս բանակի գրության մասին։ Հետո վայելում էին նրա հյուրասիրության ճոխ նախաճաշիկը։

Այս առավոտ ոչ ոք չէր երևում։ Վրանի վարագույրները կիսով չափ միայն բարձրացրած էին, և սպասավորները ոտքի մատների վրա էին պտտում նրա շուրջը, որ ձայն չլսվի։ Երբեմն ուշիկ քայլերով մոտենում էին զանազան սպաներ և սենեկապետներից հազիվ լսելի ձայնով հարցնում էին իշխանի առողջությունը և դարձյալ լռությամբ հեռանում էին։

Հիվանդ էր իշխանը, պառկած էր իշխանը։ Նրա մետաքսյա անկողինը շրջապատել էին մի քանի բժիշկներ միայն, որ մի առանձին հոգածությամբ սպեղանի էին դնում և դարմանում էին նրա ազդրի վերքը։

— Դուք ինձ միայն այն ասացեք,— հարցրեց հիվանդը վճռական ձայնով,— ոսկորը խո վնասված չէ՞։

— Թո՛ղ հեռու լինեն քեզանից չար Արհմինի չար պատահարները, վսեմաշուք տեր,— պատասխանեցին բժիշկները միաձայն,— ոսկորը այնքան անարատ է մնացել, որպես մեր աչքերի լույսը։ Եթե մի որևէ խաթար լիներ, մենք չէինք թաքցնի։

— Ապա ինչի՞ց է այս անտանելի ցավը... այս սրտամաշ թուլությունը․․․

— Վերքը բավական խորն է, վսեմաշուք տեր։ Իսկ թուլությունը նրանից է, որ սաստիկ շատ արյուն է կորել։ «Իշխանաց