Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Վասպուրականի տիկինը յուր շուրջն է հավաքել յուր դրացի խառնիճաղանջներին:

Մերուժանին սաստիկ տհաճություն պատճառեք Հայր-Մարդպետի միջամտությունը և մանավանդ նրա արհամարհանքը դեպի յուր մայրը։ Մերուժանը մեծ հարգանք ուներ դեպի յուր մայրը, որպես մի թշնամի, որի հետ կարելի էր մաքառել, բայց աններելի էր ատել։ Բացի դրանից, Մերուժանը` յուր խստասրտությամբ հանդերձ` գիտեր գնահատել բարձրը, վսեմը և ազնիվը: Այդ էր պատճառը, որ մի առանձին քաղցրությամբ պատասխանեց.

— Գովում եմ մորս նախանձախնդրությունը, որ այսպես անձնանվիրաբար պաշտպանում է յուր աշխարհի շահերը։ Գովում եմ և քո համ արձակախոսությունը, ո՛վ քաջդ Գուրգեն, որ այդքան անկեղծաբար հաղորդեցիր ինձ մորս պատգամները։ Հույս ունեմ, որ իմ պատասխանն ևս նույն անկեղծությամբ կհաղորդես մորս։ Գնա, ասա՛ . եթե նա իմ համառ մայրն է, ես էլ նրա համառ որդին եմ։ Առյուծի կաթը ծծողը պետք է որ փոքր ի շատե առյուծի հատկություններ ունենա։ Թո՛ղ նա չխլե ինձանից տոհմային հատկությունները։ Ես չեմ կամենում պախարակել, թե ո՛րքան նրա վարմունքը ինձ հետ աններելի էր, երբ ես մուտք գործեցի Հադամակերտ, և ոչ պիտի աշխատեմ ջատագովել, թե ո՛րքան իմ բռնած ընթացքը ուղիղ է։ Այդ բացատրությունների ժամանակը անցել է արդեն։ Միայն այսքանը կասեմ, եթե Արծրունիները մի գովելի կողմ ունեն, դա է նրանց հաստատամտությունը։ Թո՛ղ նա չաշխատե խախտել իմ կամքը, չաշխատե ինձ թուլամտության մեջ նետել։ Ինչ որ սկսել եմ, պետք է անպատճառ ի կատար ածեմ։ Ոչինչ չէ կարող փոխել իմ միտքը։ Թո՛ղ, որպես ցանկանում է նա, կռիվը որոշե մեր մեջ, թե ո՛րն է աստուծո տնօրինությունը։

— Բայց դու հիվանդ ես, ո՛վ քաջդ Մերուժան։

— Իսկ իմ զինվորները բավական առողջ են, ո՛վ քաջդ Գուրգեն։

Պատգամավորները ոտքի ելան, ասելով•

— Քեղ նույնպես ցանկանում ենք կատարյալ առողջություն։

Նրանք գլուխ տվին և հեռացան։

Չարագուշակ դրոշակը, որ այնքան սարսափ ձգեց պարսից բանակի վրա, պարզած էր այն բլրաձև բարձրավանդակներից մեկի գագաթին, ուր գտնվում էին Մերուժանի ձեռքով հրդեհված Նախ-

503